«Եթե անկեղծորեն հետաքրքրված եք վիզային ռեժիմի ազատականացման հարցում, սկսեք կատարել այս տնային աշխատանքը». Պյոտր Սվիտալսկի

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօրվա ասուլիսին խոսեց վիզային ռեժիմի ազատականացման մասին և նշեց, որ հասկանում է՝ հարցը շատ կարևոր է բոլոր հայերի համար.

«Ուզում եմ առիթն օգտագործել և շնորհավորել վրացիներին և ուկրաինացիներին, որոնք խիզախ են և ճիշտ որոշում են կայացրել 2013թ.։ Նրանք կարող են հիմա օգտվել դրանից։ Հայաստանի դեպքում շատ է գործածվում «համբերություն» բառը։ Լավն այն է, որ վիզայի դյուրացման փորձառությունը շատ դրական է, չնայած որոշակի տարրերի, որոնք քննարկվել են աշխատանքային շփումների ժամանակ Բրյուսելի և արտգործնախարարության միջև, բայց հանձնաժողովի իմ գործընկերների ընդհանուր տպավորությունը դրական է: Հիշելով իրավիճակը՝ մենք պետք է ընդունենք, որ դա տեղի չի ունենա առաջիկա օրերին, ամիսներին, որ համբերությունն անհրաժեշտ է, բայց խնդիրն օրակարգում է, ոչ ոք չի հանել վիզայի ռեժիմի ազատականացմանն անցնելու հարցն օրակարգից: Բայց դա մի բան է, ինչ պետք է քննարկեն հայերը՝ ինչպես պատրաստվեն այս երկխոսությանը»։

Դեսպանի խոսքով՝ Վրաստանի և Ուկրաինայի փորձը ցույց է տալիս, որ վիզային ռեժիմի ազատականացման մոտենալու համար երկիրը պետք է ընդունի շատ լուրջ օրենսդրական փոփոխություններ, ինչը, ըստ նրա՝ պետք է քննարկվի Հայաստանում, թե արդյոք ժամանակը չէ՞ օրենսդրական հենքը նախապատրաստելու համար. «Դա կլինի անկեղծ և ազնիվ շահագրգռություն մեր գործընկերների կողմից։ Եթե դուք իրոք ցանկանում եք, ապա ապացուցեք, որ անկեղծորեն հետաքրքրված եք վիզային ռեժիմի ազատականացման հարցում, սկսեք կատարել այս տնային աշխատանքը, ընդունեք օրենքները, որոնք, այսպես թե այնպես, պետք է անեք, եթե մտածում եք վիզային ռեժիմի ազատականացման մասին»։

Դեսպանն ասաց, որ Հայաստանը համարում է եվրոպական ընդլայնված ընտանիքի մի մասը. «Եթե դուք տեսնեք միգրացիոն ճգնաժամի ազդեցությունը, կհասկանաք՝ շատ երկրներում առկա հասարակական կարծիքը՝ սահմանները բացելու վերաբերյալ, սա նրանց համար տաբու է։ Հետևաբար՝ հայեր, պատրաստվեք, մի կորցրեք ձեր հույսը և համբերատար եղեք»։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս