«Ադրբեջանի տարածքային իրավունքը պետք է կասկածի տակ դրվի կամ վերացվի»
Երեկ ավարտվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցը Հայաստան, Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջան։ Համանախագահներն այցի արդյունքներով հայտարարություն են տարածել, որում նշվում է, որ Բաքվում բանակցությունների ժամանակ համանախագահները խորը մտահոգություն են հայտնել հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքերի առնչությամբ, որոնք Ադրբեջան կատարելիք իրենց այցի նախօրեին շփման գծում կորուստների պատճառ են դարձել:
Նրանք դիմել են Ադրբեջանի ղեկավարությանը՝ խուսափելու հետագա լարումից:
Միաժամանակ համանախագահները նույն ուղերձը հղել են Հայաստանի ղեկավարներին և Լեռնային Ղարաբաղի «դե ֆակտո» իշխանություններին: Երկու մայրաքաղաքներում համանախագահները կողմերին կոչ են արել բարեխղճորեն և քաղաքական կամք ցուցաբերելով՝ վերաներգրավվել բանակցություններում։
«Նախագահներն արտահայտել են իրենց մտադրությունը վերսկսելու քաղաքական երկխոսությունը՝ նպատակ ունենալով գտնել փոխզիջումային լուծում կարգավորման ամենավիճահարույց հարցերի համար»,- նշված է հայտարարության տեքստում:
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը «168 Ժամի» հետ զրույցում հայտարարեց, որ համանախագահներն ընդունում են, որ բանակցային պրոցես չկա, և նրանց հիմնական նպատակն այն վերականգնելն է։ «Հայտարարությունից երևում է, որ կարծես եկել են համաձայնության, որ վերականգնեն բանակցությունները»,- ասաց Մ. Սարգսյանը։
Սակայն, ըստ նրա, այժմ խնդիրն այն է, որ Ադրբեջանը չի անում հայկական կողմի պայմանը՝ բանակցությունների վերսկսման համար կյանքի կոչել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները, և, եթե համանախագահներն ասում են՝ համաձայն են, հայկակա՞ն կողմն է հետ կանգնել իր պայմաններից, թե՞ Ադրբեջանը։ Մ. Սարգսյանը նշեց, որ զուգահեռ՝ Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովը հայտարարել է, թե Ադրբեջանը երբեք չի հրաժարվի տարածքային ամբողջականության սկզբունքից, իսկ սահմանին վերջին օրերի լարումը հենց նման հայտարարությանը լրջություն հաղորդելու համար է, ապացուցելու, որ կատակ չի անում. «Նա, փաստորեն, կտրուկ հայտարարեց դա։ Այսինքն՝ չի երևում, որ նրանք որևէ բանի համաձայն են։ Էլ ինչպե՞ս կարող է բանակցություն լինել, եթե այդպես հստակ փակել են ճանապարհը»։
Թե ի՞նչ կորոշի Հայաստանը, Մ. Սարգսյանի խոսքով՝ դեռ որևէ մեկնաբանություն չի հնչել: Քաղաքագետը չհամաձայնեց, որ Ադրբեջանը փորձում է ՄԽ ձևաչափը զրոյացնել և հրաժարվել դրանից.
«Ադրբեջանն ուղղակի այն վիճակում է, որ նրա առջև կոնկրետ պահանջներ են դրված Վիեննայից և Սանկտ Պետերբուրգից հետո, և խնդիր ունի հանել դրանք։ Անգամ ՌԴ-ի միջոցով դրան չկարողացան հասնել, և դրա համար այսպես ուլտիմատիվ կերպով դրել են ու շանտաժ են անում՝ կա՛մ արեք այն, ինչ մենք ենք ուզում, կա՛մ կռվելու ենք։ Բայց կռվել էլ չի կարող, բնական է։ Մնում է շանտաժը, մնում է շփման գիծն անընդհատ թեժ պահելը, սպանություններ անելը։ Հայաստանը պետք է հանի այն հիմքը, որը թույլ է տալիս Ադրբեջանին նման ձևով խնդիրը դնել։ Եթե Ադրբեջանն ասում է՝ «ամբողջ աշխարհը, այդ թվում՝ Հայաստանը, ճանաչում է այդ տարածքը՝ որպես մեր պետության տարածք», և, եթե մենք և մնացածը լռում ենք, ամեն ինչ կմնա նույնը։ Նրանք չպետք է կարողանան նման բան ասել»։
Մեր հարցին՝ այսինքն, ՀՀ-ն պետք է ճանաչի՞ ԼՂՀ-ն, Մ. Սարգսյանը պատասխանեց. «Ես չգիտեմ՝ քաղաքականությունը պետք է լինի այնպիսին, որ Ադրբեջանի այդ իրավունքը կասկածի տակ դրվի կամ վերացվի։ Դա այնքան պարզ է։ Մեր քաղաքականությունը պետք է լիներ և լինի այն, որ այդ իրավունքը վերցվեր Ադրբեջանից։ Ուրիշ ճանապարհ չկա։ Իսկ մեզ մոտ անընդհատ ասում են՝ որևէ բան չանենք, խելոք մնանք, որ գուցե բանակցություններն ինչ-որ արդյունքի բերեն»։
Մ. Սարգսյանի կարծիքով՝ միջազգային հանրությունը պատժամիջոցներ չի կիրառի Ադրբեջանի հանդեպ. «Պատժամիջոցներ ինչի՞ համար են կիրառում։ Այն ժամանակ, երբ դու ագրեսոր ես, քո արածը միջազգային հանրությունը չի ընդունում։ Բայց Ադրբեջանը ցանկացած երկրի հետ խոսում է այնպես, որ իր տարածքն է, և ոչինչ փոխել չի կարելի, մինչև դա կասկածի տակ չդրվի»։
«Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանի կարծիքով՝ համանախագահների աշխատանքի գլխավոր նպատակն ու իմաստն է՝ փորձել ստեղծել եզրեր հակամարտող կողմերի ներկայացուցիչների հանդիպման և հակամարտության լուծման համար, սակայն այլ բան է, որ այդ պահին դա տեսանելի չէ, իսկ տեսանելի ապագայում բանակցային գործընթացում լուրջ առաջխաղացում չի լինի։ Շփման գծում վերջին իրադարձությունների հետ կապված՝ համանախագահների արտահայտած խորն ափսոսանքը, ըստ Ս. Մինասյանի, բավարար չէ, հայկական կողմն ուզում է, որ ավելի հստակ դիրքորոշում լինի, բայց համանախագահներն էլ փորձում են բալանսավորված մոտեցումը պահպանել։
«Այն երկրները, որոնց իրենք ներկայացնում են, կարող են շատ բան անել, կամ այլ խոսքերով՝ կարող են ամեն ինչ էլ անել։ Այլ խնդիր է, որ չկա ո՛չ քաղաքական կամք, ո՛չ էլ քաղաքական նպատակահարմարություն համանախագահների կողմից՝ ինչ-որ չափից ավելի ներգրավվել բանակցային գործընթացին այն պահով, որ վերաբերում է հրադադարի ռեժիմի պահպանմանը»,- ասաց Ս. Մինասյանը։
Երևանում համանախագահների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը, որ համանախագահները պետք է ոչ միայն հայտարարություններ անեն, այլև համապատասխան կոնկրետ գործողությունների դիմեն, որպեսզի սանձեն Ադրբեջանի այս ապակառուցողական և սադրիչ քաղաքականությունը, Ս.Մինասյանի կարծիքով՝ հայկական կողմի դիրքորոշումն է, և պարզ է, որ հայկական կողմը կցանկանար նման զարգացումներ։
Բայց արդյոք տեսանելի ապագայում դա հնարավո՞ր է, թե՞ ոչ, նա դժվարացավ ասել։
Ս. Մինասյանը չբացառեց, որ շփման գծում վերջին օրերի Ադրբեջանի ակտիվ վիճակը համանախագահների այցի հետ է կապված, բայց մյուս կողմից էլ՝ նաև ադրբեջանցիք մշտապես, առիթ կամ անառիթ որևէ այցից առաջ կամ միջոցառման հետ կապված, նմանատիպ են արձագանքել՝ ցույց տալով, որ իրենք համաձայն չեն այն ձևավորված ռազմաքաղաքական իրականությանը, որը պահպանվում է արդեն 25 տարի։
«Տեսակետը, որ Ադրբեջանը չի գնա լայնածավալ գործողությունների, բավականին «իրատեսական» է։ Չեմ կարծում, որ Ադրբեջանն այս պահին կգնա լայնամասշտաբ պատերազմի, բայց ինքը փորձում է նաև ինչ-որ դիվիդենտներ ստանալ այդ ցածր կամ միջին մակարդակի էսկալացիայից՝ օգտվելով իր սպառազինությունների մեծ քանակի հանգամանքից,- ասաց Ս. Մինասյանը՝ հավելելով, որ համոզված չէ, որ որևէ լուրջ քաղաքական քայլ կարող է փոխել իրավիճակը և բացառել մարդկային կորուստները,- Իմ կարծիքով՝ դա կփոխեն միայն ռազմաքաղաքական քայլերը, այդ թվում՝ ստեղծելով իրավիճակ, երբ նմանատիպ քայլերն ավելի մեծ կորուստներ և ցավ են պատճառելու հենց նախաձեռնող կողմին, այն է՝ Ադրբեջանին։ Դա պահանջում է և՛ տեխնիկական միջոցների ավելի մեծ քանակ, և՛ միգուցե ավելի կոշտ ռազմավարության իրագործում։
Եթե Ադրբեջանի նպատակն է՝ ժամանակ առ ժամանակ ինքը որոշի՝ երբ է գնում սրացման, ապա պետք է զրկել ադրբեջանական կողմին նման հաճույքից։ Իսկ թե ո՞նց է դա լինելու, դա նեղ մասնագիտական, այսինքն՝ ռազմական փորձագետների խնդիրն է»։