«Չի կարելի ո՛չ Ռուսաստանի, ո՛չ ԱՊՀ երկրների և ո՛չ էլ ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերին թույլ տալ մտնել Արցախի տարածք». Հովհաննես Իգիթյան

Բանակցային պրոցեսի իրավիճակն ու կարգավիճակը փոխվել են։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ՀՀՇ վարչության անդամ, միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը։

«Այսօր որոշ քաղաքական գործիչներ իներցիայով խոսում են ինչ-որ սկզբունքների մասին, դա սխալ է։ Իրավիճակը, որ եղել է տասը տարի առաջ կամ նույնիսկ՝ երկու տարի առաջ, լրիվ տարբերվում է այսօրվա իրավիճակից։ Դիվանագիտական աղբարկղից հանել մի բան, որը մերժվել է կողմերի կողմից կամ ընդհանրապես չի համապատասխանում իրավիճակին, սխալ է»,- նկատեց փորձագետը։

Իգիթյանը նկատեց՝ մենք այսօր ունենք կոնֆլիկտի լուծման վերաբերյալ Ադրբեջանի տեսակետը, որը չի համընկնում որևէ փաստաթղթի, լինի՝ կազանյան, մադրիդյան, Պրահայի, կամ նույնիսկ՝ Մինսկի. «Ադրբեջանը հստակ ներկայացնում է իր տեսակետը՝ Արցախում հայություն չպետք է լինի, և փորձում է դա լուծել ռազմական ճանապարհով։ Եվ երբ մենք կամ նույնիսկ ՄԽ-ն ասում է, որ պետք է բանակցային պրոցեսը շարունակվի, բանակցային պրոցեսի համար պետք է լինեն պայմաններ, և այդ պայմանները ենթադրում են, առաջին հերթին, վստահության մթնոլորտ, իսկ այսօր առկա պատերազմական իրավիճակում ՝ ադրբեջանական ագրեսիայի և ամենօրյա պատերազմի մասին հայտարարությունների մթնոլորտում, հնարավոր չէ բանակցել»։

Փորձագետը կարծում է, որ Հայաստանն իր դիվանագիտական վեկտորն արցախյան կոնֆլիկտում պետք է մի փոխի և շեշտադրի Ադրբեջանի տեռորիստական գործելակերպը. «Մենք այսօր պետք է բոլոր միջազգային ատյաններում բարձրացնենք Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիվ մոտեցումների հարցը։ Եվ դա ոչ միայն՝ Արցախում. Ադրբեջանն ամեն օր կրակում է Հայաստանի վրա և սպառնալիք է ներկայացնում մեր խաղաղ բնակիչների համար։ Ադրբեջանի գործելակերպը լրիվ համապատասխանում է այն չափանիշերին, որ աշխարհում համարվում է տեռորիստական. դա պատերազմ չէ, տեռորիզմ է»։

Կարդացեք նաև

Իգիթյանն ընդգծեց՝ Ադրբեջանը չպետք է փորձի հարցը ռազմական ձևով լուծել. «Դա արգելող առաջինք քայլը մոնիտորինգի մանդատն էր, որը տրվեց Մինսկի խմբին՝ հայտնաբերելու համար այդ պայմանավորվածությունը խախտողին։ Մյուս քայլերը պետք է լինեն պատժիչ գործողությունները, քաղաքական հայտարարությունները, իսկ եթե այդ քայլերը չաշխատեն, մնում է խաղաղապահ ուժերի միջոցով փորձել կողմերին բերել զինադադարի։

168.am-ը հետաքրքրվեց Ռուսաստանի կողմից՝ Արցախում խաղաղապահ ուժեր տեղակայելու վերաբերյալ հայտարարությունների մասին։ «Բոլոր կողմերից պետք է բացասական արձագանքներ լինեն. Դա նույնն է, եթե Հյուսիսային Կիպրոսի խնդրի ժամանակ թուրքական զորքերը կանգնեին Հունական և Թուրքական Կիպրոսների մասերի արանքում։ Չէ՞ որ այնտեղ ՄԱԿ-ի ուժերն են մտել։ Բոլոր խաղաղարար ուժերը մտնում են ՄԱԿ-ի մանդատով, դա շատ կարևոր է, որ շահագրգռված կողմը հնարավորություն չունենա օգտագործել իր զորքն իր շահերն անցկացնելու համար։ Այն, ինչ Ռուսաստանն արեց Ղրիմում, որտեղ նա խախտելով իր ստանձնած բոլոր պարտավորությունները՝ օգտագործեց Ղրիմում առկա իր ուժերը Ղրիմն անեքսիայի ենթարկելու համար։ Չի կարելի ո՛չ Ռուսաստանի, ՛ոչ ԱՊՀ երկրների և ո՛չ էլ ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերին թույլ տալ մտնել այդ տարածք»,-պարզաբանեց փորձագետը։

Մեր ճշտող հարցին՝ դա ՄԱԿ-ի շրջանակներո՞ւմ պետք է լինի, նա այսպես պատասխանեց.

«Այո, դա պետք է արվի ՄԱԿ-ի շրջանակներում՝ բազմակողմանի և երաշխավորված։ Երաշխավորված, նշանակում է, որ որոշ հայտնի երկրներ երաշխավոր են համարվում այդ խաղաղությանը, օրինակ՝ Կիպրոսի դեպքում դա Բրիտանիան էր»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս