Բաժիններ՝

Արդյոք Հայաստանի համար հետաքրքի՞ր է տաջիկական շուկան

Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի գլխավորած պատվիրակությունն այցելեց TSD (Technology and Science Dynamics) ընկերության արտադրամաս: Տաջիկստանի նախագահին ուղեկցում էր ՀՀ կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

Էմոմալի Ռահմոնը շրջայց կատարեց ընկերության արտադրամասում, որի ընթացքում նրան ներկայացվեց ընկերության արտադրանքը: Տաջիկստանի նախագահը նաև ականատես եղավ պլանշետների և հեռախոսների արտադրության գործընթացին:

Լրագրողների հետ զրույցում TSD ընկերության փոխնախագահ Լևոն Գալստյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ընդգծեց, որ Տաջիկստանի նախագահը ընկերության արտադրամասում կատարած շրջայցի ընթացքում տեսել է ընկերության արտադրական նմուշները` բջջային հեռախոսներ, պլանշետներ և այլ սարքեր:

«Մենք նրան ծանոթացրեցինք նաև մի շարք գիտահետազոտական աշխատանքների: Նրան ներկայացրել ենք մեր կրթական «360 աստիճան» ծրագիրը, նորարարական նոթատետրի ծրագիրը և մի շարք այլ ծրագրեր: Շրջայցի վերջում նրանք դիտեցին մի քանի վիդեոնյութեր, որտեղ ներկայացվում էր տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման Հայաստանի տեսլականը: Ներկայացրել ենք մեր ձեռնարկության գործունեության մասին պատմող մի շարք վիդեոնյութեր»,- ասաց Գալստյանը:

Կարդացեք նաև

Նա հայտնեց, որ Տաջիկստանի բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ մինչև այս մեկ հանդիպում ունեցել էին, համագործակցության որոշակի ուղղություններ արդեն իսկ քննարկել են: «Այս անգամ իրենց բիզնես պատվիրակությունն ավելի ներկայացուցչական էր: Կարծում եմ Հայաստանի հետ որոշ ծրագրեր իրականացնելու ցանկությունը նրանց մոտ ավելի մեծ է»,- ասաց Լևոն Գալստյանը:

Հարցին` Հայաստանի համար հետաքրքի՞ր է տաջիկական շուկան, Լևոն Գալստյանը պատասխանեց, որ Հայաստանի համար հետաքրքիր է ցանկացած շուկա: «Կարծում եմ, որ ոչ միայն շուկայի մեծությանն է պետք նայել, այլ առանձնահատկություններին: Կարծում եմ, որ մենք ունենք որոշակի նմանություններ և այդ առումով նրանց շուկան, իհարկե, մեզ համար հետաքրքիր է»,- նշեց TSD ընկերության փոխնախագահը:

Նրա խոսքով` տաջիկ գործարարների համար հետաքրքիր է, թե Հայաստանը տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ինչ հնարավորություններ ունի: Լևոն Գալստյանը կարծում է, որ այդ ուղղությամբ Հայաստանը կարող է որոշակիորեն ներկայացված լինել տաջիկական շուկայում:

«Նրանք էլ իրենց հնարավորություններն են ուսումնասիրում: Համագործակցություն, կարծում եմ, կլինի հայ գործարարների և նրանց միջև փոխադարձ հետաքրքրությունների շրջանակներում: Բիզնեսը կթելադրի այդ հնարավորությունները»,- եզրափակեց Լևոն Գալստյանը:

Տաջիկստանի նախագահի գլխավորած պատվիրակությունը հունիսի 15-ին երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: Այցի շրջանակներում Տաջիկստանի նախագահը հանդիպել է ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ: Հանդիպումների ընթացքում կայացած բանակցությունների արդյունքներով ստորագրվել են տարբեր ոլորտներում համագործակցության վերաբերյալ համաձայնագրեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս