«Ադրբեջանը կարող է թյուրըմբռնում ունենալ, թե դա լավ ժամանակ է հարձակվելու համար»
«Ընդհանուր առմամբ՝ ոչ ոք չի կարող ասել, որովհետև անկանխատեսելի փոփոխական գործոններ կան։ Առաջինը՝ նախագահ Սերժ Սարգսյանը ցանկանո՞ւմ է մնալ պետության ղեկավար՝ դառնալով վարչապետ։ Մենք դեռ չգիտենք դա։ Ինձ թվում է՝ նա դեռ վերջնական որոշում չի կայացրել։ Երկրորդ գործոնը՝ պառլամենտական համակարգին անցում կատարելու առումով արդյոք կառավարման այս համակարգը մեզանում կարո՞ղ է աշխատել։ Այն դեռևս փորձարկված չէ, աննախադեպ է։ Մենք բավարար չափով վստահ չենք՝ արդյոք ինստիտուտները՝ խորհրդարանը և այլն, կկարողանա՞ն պետությունն ավելի լավ կառավարել։ Ես դրա պատասխանը չունեմ և կարծում եմ, որ ոչ ոք չգիտի դա։ Եվ սա նույնպես վտանգավոր է, քանի որ 2018 թ. ապրիլից հետո սկսվում է պոտենցիալ անկայունության շրջան»,- 168.am-ին ասել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Գիրագոսյանը՝ մեկնաբանելով, թե 2018 թվականից հետո Հայաստանում քաղաքական զարգացումներն ինչպիսի՞ն կլինեն։
Ըստ նրա՝ երբ նոր Սահմանադրությունը վերջնական ուժի մեջ մտնի, և ՀՀ բանակը չունենա գլխավոր հրամանատար, Ղարաբաղի կամ ՀՀ ազգային անվտանգության հետ կապված վտանգներ չկան, սակայն այդ ժամանակ սպառնալիքներ կարող են լինել Ադրբեջանից.
«Ընդհանուր առմամբ՝ ոչ, ես չեմ տեսնում որևէ վտանգ Ղարաբաղի կամ ազգային անվտանգության հետ կապված, բայց այստեղ այլ վտանգ կա, որ Ադրբեջանը կարող է թյուրըմբռնում ունենալ, թե դա լավ ժամանակ է հարձակվելու համար, որովհետև Հայաստանն ապակայունացել է և թույլ է։ Այսինքն՝ այդ վտանգն ավելի շատ կապված է Ադրբեջանի ռեակցիայի կամ նրա կողմից թյուրըմբռնման հետ»։
Հարցազույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: