«Ներկայիս փուլում պատերազմի հավանականությունը մոտենում է զրոյի»

Հարցազրույց «Կովկաս ինստիտուտի» տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի հետ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանում են, ի՞նչ ակնկալիքներ կարող է ունենալ հայկական կողմը։

– Գործընթաց է գնում, փորձում են մի քանիսով ավելացնել միջազգային դիտորդների թիվը, այսինքն՝ այն մարդկանց, որոնք պետք է հետևեն հայ-ադրբեջանական շփման գծում իրավիճակին։ Խոսքը 8 հոգու մասին է։ Ի հեճուկս տարածված տեղեկությունների՝ այդ հարցը դեռ լիովին լուծված չէ։

Ես կարծում եմ, որ դրա շուրջ են խոսակցությունները։ Ես չէի ակնկալի ինչ-որ կտրուկ փոփոխություններ։ Կարծում եմ՝ ներկայիս փուլում դրանք ուղղակի չեն կարող լինել, և անգամ ես բոլորովին վստահ չեմ, որ դիտորդների թիվը կավելացվի, թեև, իհարկե, դա ավելի շուտ այդպես տեղի կունենա։

Որոշ վերլուծաբաններ տեսակետ են հայտնում, որ հաշվի առնելով Հայաստանում եվրոպացի դեսպանների հայտարարությունը, թե ստատուս-քվոն այլևս հնարավոր չէ պահպանել, Ադրբեջանի ռազմաշունչ պահվածքը, կիրառվող զենքի տրամաչափի ավելացումը, ՄԽ համանախագահները խնդիր ունեն ստուգելու՝ արդյոք Հայաստանը պատրա՞ստ է նոր պատերազմի, և հնարավո՞ր է այդ կերպ վերջակետ դնել ու լուծել Ղարաբաղյան հիմնախնդիրը։

– Ես չեմ մեկնաբանի այլ անձանց կարծիքները, այս երկրում 3 միլիոն քաղաքագետ կա, և նրանցից յուրաքանչյուրն ինչ-որ հարցի շուրջ տեսակետ ունի։ Ներկայիս փուլում պատերազմի հավանականությունը, իմ կարծիքով, մոտենում է զրոյի։ «Պատերազմ» ես անվանում եմ պատերազմը, ոչ թե ցանկացած բախում։

Դա հիանալի հասկանում են հակամարտությամբ զբաղվող բոլոր փորձագետները, այդ թվում, իհարկե, համանախագահները։ Եվ փորձագետներ բերել տարածաշրջան, որոնք կհետախուզեն պատերազմի հավանականությունը, հնարավոր չէ։ Դա իրականացվում է բոլորովին այլ միջոցներով։ Դրա համար՝ ոչ, ես չեմ կարծում, որ ՄԽ համանախագահների այցը կապ ունի պատերազմի հեռանկարի հետ։

Իսկ պատահականությո՞ւն է, որ Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցը, որում ասվում էր, որ պատերազմի հավանականությունը մեծացել է, հրապարակվեց ՄԽ համանախագահների այցից առաջ։

– Ես, բնականաբար, հետևում եմ, թե ինչ են գրում Միջազգային ճգնաժամային խմբի ներկայացուցիչները, անգամ դրա գոյության սկզբնական շրջանում ինքս էի մասնակցում զեկույցների նախապատրաստմանը։ Ես չեմ հիշում ոչ մի զեկույց, որը չէր կանխատեսում շուտափույթ պատերազմ։ Ոչ մի։ Առանց բացառության, Միջազգային ճգնաժամային խմբի բոլոր զեկույցներում, անկախ պատճառներից, քանի որ նշվում են տարբեր պատճառներ, եզրակացությունը գործնականում նույնն է՝ լինելու է պատերազմ։ Ես դրան թերահավատորեն եմ վերաբերվում։

Ես չեմ կարծում, որ այսօր պատերազմի սպառնալիքը մեծացել է, ինձ թվում է, որ ապրիլից, սեպտեմբերից և փետրվարից հետո պատերազմի հավանականությունը փոքրացել է, ոչ թե մեծացել։ Այսօր լայնամասշտաբ պատերազմի վտանգը փոքր է։ Դա չի նշանակում՝ ընդմիշտ, բայց քաղաքական կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում, ինձ թվում է, որ պատերազմ դժվար թե լինի։

Եթե Ադրբեջանը շարունակում է չկատարել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները, ի՞նչ պետք է լինի, որ նորից ըստ էության բանակցություններ սկսվեն, այդ քայլ առաջն ինչպե՞ս պետք է արվի։

– Այդ ըստ էության բանակցություններն արդեն շատ վաղուց է, ինչ չեն ընթանում, անգամ անցած տարի ապրիլից առաջ։ Բանակցությունները չեն գնում հակամարտության կարգավորման շուրջ։ Համանախագահները զբաղված են բռնության մակարդակի նվազեցման փորձերով, բռնության փաստերի արձանագրումներով և էսկալացիայի կանխարգելման խնդրով, լավագույն տարբերակում՝ բռնության վերացմամբ, սակայն, ես կարծում եմ, որ դա ամբողջապես հնարավոր չէ։ Եվ նրանք դա հասկանում են, բայց քանի որ դիվանագետներ են, չեն կարող խոսել այդ մասին։ Իսկ ես կարող եմ խոսել, ես հետազոտող եմ։ Այսինքն՝ կարգավորման մասին խոսք վաղուց չի գնում, և այդպես կշարունակվի, դա մշտական փորձեր են, որովհետև Մինսկի խումբը քաղաքական անվտանգության պահպանման ձևաչափերից մեկն է։ Թե ինչո՞ւ չի ստացվում, որովհետև քաղաքական գործիքները քիչ են, բավարար չեն, իսկ այլ գործիքներ ոչ ոք չի գործարկի։ Այսինքն՝ հասկանալի է, որ և՛ Ֆրանսիան, և՛ ԱՄՆ-ը, և՛ Ռուսաստանը գերտերություններ են, որոնք ունեն հզոր բանակներ, ինքնաթիռներ, սպառազինություններ, ռենջերներ, բայց հստակ է, որ այդ ռենջերներին ոչ ոք այստեղ չի բերի։ Իսկ քաղաքական գործիքները բավարար չեն, և ճնշում գործադրել՝ առանց բավարար քաղաքական գործիքների, բարդ է։ Այդ պատճառով գործընթացը կշարունակվի, այն չի ընդհատվի։ Այսպես դեռ երկար կշարունակվի, և խնդիրը միայն բռնության հնարավորինս նվազեցումն է։

Սերժ Սարգսյանն ԱԺ-ում իր ելույթում խոսեց Կազանյան փաստաթղթի մասին։ Հիմա դա քննարկվո՞ւմ է, թե՞ ոչ։

– Խնդիրն այն է, որ բանակցային սեղանին գրեթե միևնույն փաստաթղթերն են, որոշները կոչվում են՝ Մադրիդյան սկզբունքներ, կարելի է անվանել Մուսկոկյան, մինչ այդ եղել է Պրահայինը։ Կարելի է անվանել նաև Կազանյան, դա տարբերակներից մեկն է այն նույն փաստաթղթի, որը ես հաճախ անվանում եմ Մադրիդյան սկզբունքներ։ Տարբերությունները չնչին են, սկզբունքը նույնն է՝ տարածքներ՝ կարգավիճակի դիմաց։ Եվ Մադրիդյան սկզբունքների գաղափարն այն է, որ տարածքների կարգավիճակը բաժանվի 2 մասի, մասնավորապես՝ նախկին ԼՂ-ի ինքնավար շրջանի և միջանցքի։ Թե ի՞նչ միջանցք, դա նույնպես քննարկվող հարց է։

Դրանք ինչ-որ կերպով փոխանցվում են, այսինքն՝ ամրագրվում է դրանց պատկանելությունը հայկական կողմին, այսինքն՝ անկախությունն ու ՀՀ-ին հանձնելն ուրիշ խոսակցություն է, կարևորը, որ ամրագրվում են, դրա դիմաց մնացած տարածքները վերադարձվում են Ադրբեջանին։ Այդ սցենարով բանակցություններ վարելը որևէ մեկի հետ անհնար է, քանի որ մենք գործընկեր չունենք բանակցությունների համար։ Ադրբեջանը համաձայնում է դրան փակ դռների հետևում, բայց չի կարող այդ մասին հրապարակային խոսել։

Այս իրավիճակը վաղուց է ձևավորվել, և այն կմնա գրեթե նույնը։ Բայց այլ փաստաթուղթ չկա, գոյություն չունի, սեղանին այս սկզբունքներն են՝ անկախ նրանից, թե դրանք ինչպես կկոչվեն։ ՀՀ նախագահն այդ մասին խոսում է, նա կարող է բացեիբաց խոսել, իսկ Ադրբեջանի նախագահը՝ ոչ, չի կարող ասել այդ մասին։

Բայց, կրկնեմ, սկզբունքները նույնն են, տարբերությունը տեխնիկական է, և դա գրեթե այդպես էլ կմնա։ Միջազգային հանրությունը, համանախագահները չեն կարող խոսել այլ լեզվով, նրանց լեզուն դիվանագիտությունն է, փոխադարձ զիջումները, իսկ ներսում փոխադարձ զիջումների համար հող չկա, բայց բանակցությունները գնում են այդ լեզվով, և դրանք ոչ թե բանակցություններ են, այլ բանակցությունների իմիտացիա։ Իրականում իսկական բանակցություններն ընթանում են բռնությունները դադարեցնելու խնդրի շուրջ։

Տեսանյութեր

Լրահոս