Բաժիններ՝

«Պաշտոնյան հայտարարագրով բացարձակ բոմժ է, իսկ ապրելակերպով` Բիլ Գեյթսը գլուխը պատին է տվել»

Մեր զրուցակիցն է Ազգային ժողովի «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը

– Տիկին Զոհրաբյան, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի նախագծի հեղինակները համաձայնեցին, որ հանձնաժողովի մեկ անդամի թեկնածությունն առաջադրի ընդդիմությունը: Բայց արդյոք սա բավարա՞ր է:

– Իհա՛րկե բավարար չէ, բայց սա մենք համարում ենք որոշակի քայլ, որովհետև նախնական տարբերակով իշխանությունը պատրաստ չէր որևէ զիջման գնալու, և անընդհատ հղում էին անում Ջակարտայի համաձայնագրին, ըստ որի` քաղաքական որևէ բաղադրիչ հանձնաժողովի կազմման գործընթացում չպետք է լինի: Սա, իհարկե, բավարար չէ, բայց սա այն նվազագույնն է, որ մենք այսօր ստացանք:

Տեսնելով, թե ինչպես է աշխատում այդ հանձնաժողովը, իսկ ես ինձ համարում եմ շատ իրատես մարդ և վստահ եմ, որ մեր երկրում քանի դեռ լուծված չէ ապօրինի հարստացման խնդիրը, քանի դեռ կան բազմաթիվ պաշտոնյաներ, կարող եմ ասել` նրանց գերակշիռ մեծամասնությունը, որոնք պաշտոնը դիտում են ուղիղ ճանապարհ՝ դեպի ապօրինի հարստացում, ոչ մի կոռուպցիոն հանձնաժողով, ոչ մի հայտարարագրման ինստիտուտ, ոչ մի գիլյոտին, ոչ մի կախաղան, եթե անգամ վերականգնենք քրեական օրենսգրքում մահապատիժ հոդվածը և բոլորին գնդակահարենք, այս խնդիրը չի լուծելու:

Սա միանշանակ է: Քանի դեռ պաշտոնը դիտվում է ապօրինի հարստացման ուղիղ ճանապարհ, քանի դեռ մեր երկրում այս բանաձևն է գործում, անկախ նրանից, թե ինչ է հայտարարում իշխանությունը, անկախ նրանից, թե ինչի դեմ են սրեր ճոճում, որևէ հանձնաժողով չի կարող արդյունավետ աշխատել: Բայց կրկնում եմ, ասել, որ չի աշխատելու, չփորձել գոնե այն նվազագույնը ստանալ, որ կարող է ստանալ ընդդիմությունը, դա ճիշտ ճանապահ չէր լինի:

Ուստի մենք առաջարկեցինք հարաբերականորեն գործուն մեխանիզմ, որ ընդդիմությունը գոնե ինչ-որ վերահսկողական մասնակցություն ունենա: Մնացածը` կապրենք՝ կտեսնենք:

– Այս պահին Ազգային ժողովում ընդդիմադիր խմբակցություններ երկուսն են` «Ծառուկյան» և «Ելք» դաշինքները: Ինչպե՞ս է առաջադրվելու մեկ թեկնածու երկուսի կողմից:

– Կոնսենսուսով: Ես չեմ կարծում, որ այս հարցի վերաբերյալ մենք չկարողանանք «Ելքի» հետ գալ կոնսենսուսի: Ի վերջո, այստեղ «իմի» կամ «քոնի» խնդիր չկա: Այստեղ կա առավել արդյունավետ աշխատող թեկնածու առաջադրելու խնդիր:

– Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովի մասին, դրա ստեղծման ժամանակ ևս շատ դրական լույսի ներքո էին խոսում: Արդարացրեցի՞ն սպասումները:

– Այդ հանձնաժողովը գործում է 2012 թվականից, և դրա գործառույթների մեջ մտնում է շահերի բախման հայտնաբերում, կեղծ հայտարարագրերի հետևից գնալ, մինչդեռ 2012 թվականից առ այսօր այդ հանձնաժողովը մատնված է եղել բացարձակ անգործության, բացի նրանից, որ տարին 1-2 անգամ մեզ նամակ են գրում, որ ներկայացնենք մեր հայտարարագիրը: Ես չեմ հիշում որևէ բացահայտման դեպք:

Իսկ ասել, որ մեզանում հայտարարագրերը բոլորը 100 տոկոսանոց համապատասխանում են իրականությանը, չենք կարող: Պատահական չէ, որ ԱԺ նիստում ես նշեցի, որ հայտարարագրով պաշտոնյան բոմժ է, իսկ իրական ապրելակերպով` մուլտիմիլիարդատեր: Դա պե՞տք է հետաքրքրեր Էթիկայի հանձնաժողովին: Պետք է: Բայց չգիտես ինչու՝ 2012 թվականից առ այսօր այդ հանձնաժողովին, բացի մեզ գրություն ուղարկելուց, որ՝ ձեր հայտարարագիրը ներկայացրեք, որևէ բան չի հետաքրքրել:

Կրկնում եմ` այդ հանձնաժողովը մատնված է եղել բացարձակ անգործության, և ես հույս ունեմ, որ այդ անգործ հանձնաժողովի որևէ անդամ այս նոր հանձնաժողովում չի լինի: Եթե եղավ, մենք դրա դեմ պետք է պայքարենք: Իհարկե, այդ հանձնաժողովի գործառույթները եղել են շատ քիչ, այս հանձնաժողովինը լինելու է ավելի: Բայց այդ նվազագույնը` շահերի բախում և այլն, այդ հանձնաժողովը չի արել:

Թե ինչո՞ւ չի արել` պրոֆեսիոնալ ունակությունները չե՞ն բավարարել, թե՞ ուղղակիորեն այդ հանձնաժողովը չունի այդ մասնագիտական ռեսուրսը, կամ չունի ցանկություն այդ խնդիրը լուծելու, անկեղծ ասած, դա ինձ չի հետաքրքրում:

Ինձ հետաքրքրում է մի բան, որ այդ հանձնաժողովը՝ իր գործառույթներով, թեկուզ նվազագույն մեխանիզմներ չի կիրառել, երբ մենք հենց խորհրդարանում, հենց բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ կապված շահերի բախման բազմաթիվ դեպքեր գիտենք, էլ չեմ խոսում կեղծ հայտարարագրերի մասին, էլ չեմ խոսում, որ ունեցվածքները ձևակերպում են բարեկամների, զոքանչների, զոքանչների հորեղբայրների անուններով:

Կրկնում եմ` պաշտոնյան հայտարարագրով բացարձակ բոմժ է, իսկ ապրելակերպով` Բիլ Գեյթսը գլուխը պատին է տվել: Սա պե՞տք է հետաքրքրեր հանձնաժողովին: Պետք է: Ինչո՞ւ չի հետաքրքրել, դա արդեն երկրորդ, երրորդ, չորրորդ հարց է:

– Դա չի՞ խոսում այն մասին, որ քաղաքական կամք չի եղել, և այդ կամքը, ամենայն հավանականությամբ, չի լինի նաև այս հանձնաժողովի դեպքում:

– Այո, և ես բացարձակ վատատես եմ այս հանձնաժողովի հետ կապված ևս: Մեր երկրում մի խնդիր պետք է լուծվի` պաշտոնը չպետք է դիտվի՝ ապօրինի հարստացման ուղիղ ճանապարհ: Իսկ մեր երկրում դա այդպես է: Քանի դեռ այդ խնդիրը լուծված չէ, քանի դեռ մեր երկրում կոռուպցիայի խնդիրը լուծված չէ, հանձնաժողովը բացարձակ սրբերից էլ բաղկացած լինի, այդ սրբերը մի ամսվա մեջ դառնալու են լյուցիֆերներ: Խաղի կանոնը սա է և քանի դեռ այն չի փոխվել, որևէ բան չի փոխվելու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս