«Ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի հաղթանակն այս հակամարտության մեջ ոչ մի դեպքում Պուտինին չի գոհացնում»
Մեր զրուցակիցն է ռուս ընդդիմադիր հրապարակախոս, քաղաքական վերլուծաբան Անդրեյ Պիոնտկովսկին
– Պարոն Պիոնտկովսկի, հուլիսին Համբուրգում կայանալիք G20 գագաթաժողովի ժամանակ նախատեսվում է ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը։ Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս կզարգանան ռուս-ամերիկյան հարաբերությունները, և կկարողանա՞ն առաջնորդները սիրիական ճգնաժամի լուծումը գտնել։
– Դոնալդ Թրամփը գտնվում է ամերիկյան քաղաքական դասի մեծ ճնշման ներքո, որը ոչ առանց հիմքի՝ նրան կասկածում է Պուտինին համակրելու մեջ։ Դրա պատճառն ինչ-որ մերկացնող փաստաթղթեր են, որոնք ունի Պուտինը, կամ այդ գաղափարները նրան ուղղակի ներշնչել են պուտինյան գործակալները, որ «Պուտինը մեր դաշնակիցն է ԻԼԻՊ-ի դեմ պայքարում, և դրա համար մեզ անհրաժեշտ է նրա հետ ընդհանուր լեզու գտնել և մի կողմ դնել ամեն մի փոքր տարաձայնություն Ուկրաինայի հարցում», և այլն։ Եթե նա կարողանար վարվել այնպես, ինչպես ինքն է ցանկանում, ապա նման գործարքի հավանականությունը, այսպես կոչված, «Յալթա 2»-ը, որի մասին երազում է Պուտինը, շատ մեծ կլիներ։
Բայց եթե նա փորձի դա անել, նրա իմպիչմենտը երաշխավորված է։ Եվ Թրամփը դա հասկանում է։ Դրա համար, ես կարծում եմ, որ Մեծ քսանյակում բանակցություններն արդյունք չեն տա, առավել ևս, որ ոչ մի բանակցություն նախատեսված չէ։ Ինչ-որ հանդիպում, իհարկե, կլինի, օրինակ՝ ինչպես դա եղավ Օբամա-Պուտին վերջին հանդիպման դեպքում՝ զուգարանի մոտ միջանցքում Թուրքիայում Քսանյակի գագաթաժողովի ընթացքում։ Եվ դրանից ավելին ոչինչ սպասել պետք չէ։ Կրկնեմ՝ ամերիկյան քաղաքական դասի ճնշող մեծամասնությունը շատ կտրուկ է տրամադրված պուտինյան ռեժիմի հանդեպ։
– Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն էր Պուտին-Մակրոն հանդիպումը, որից Պուտինը, ըստ ամենայնի, վերադարձավ ձեռնունայն։ Մակրոնը բացեիբաց Ռուսաստանին մեղադրեց 2 պաշտոնական լրատվամիջոցները՝ որպես հիբրիդային պատերազմի զենք օգտագործելու մեջ, իսկ Պուտինը չփորձեց անգամ պաշտպանել իր ԶԼՄ-ները։ Ի՞նչ ընթացք կստանան ռուս-ֆրանսիական հարաբերությունները։
– Ձեր հարցի մեջ արդեն պատասխան կա։ Պուտինը վերադարձավ ոչ միայն ձեռնունայն, այլ նաև ոչնչացված ու տապալված։ Նրա իշխանության վերջին 17 տարում դա առաջին անգամ տեղի ունեցավ։ Մակրոնն ուղղակի ամբողջ համաշխարհային հանրությանն օրինակ ցույց տվեց, թե ինչպես պետք է խոսել գռեհիկների և պիտերյան շքախմբի հետ։ Ես կարծում եմ, որ այդ վարվելակերպը կընդունվի համաշխարհային քաղաքական դասի մեծամասնության կողմից։ Եվ դա պարզապես ցնցում եղավ ոչ միայն՝ Պուտինի, այլև նախ և առաջ՝ նրա շրջապատի համար։
Ընդ որում, նա լկտի կերպով հասավ դրան, որ մեկնի այդ ուղևորությանը նրանից հետո, երբ նախընտրական շրջանում ոչ թե ընդամենն աջակցում էր Մակրոնի ընդդիմախոսին, այլ ռուսական բոլոր ԶԼՄ-ները կոպտորեն վիրավորում էին նրան և նրա տիկնոջը։ Պուտինը ցանկացավ ցույց տալ իր շրջապատին, որ իր հետ հաշվի են նստում Արևմուտքում, ինքը կարող է հարցեր լուծել, երաշխավորել նրանց ֆինանսական շահերը։ Եվ ահա՝ խնդրեց ու ստացավ։ Այժմ շատ լուրջ իրադրություն է ստեղծվում Պուտինի, այդ բռնակալի շրջապատում։
Երբ բռնակալը նման արտաքին քաղաքական պարտություններ է կրում, բնականաբար, հարց է ծագում՝ նա չի՞ կարողանում իր գործառույթները կատարել, էլ ինչո՞ւ է մեզ պետք, իսկ ինչո՞ւ չփոխենք նրան՝ պահպանելով ռեժիմի բնույթը, ուղղակի ազատվենք այդ մարդուց, որը միայն վնաս է բերում։ Նման տպավորություն Պուտինը թողեց իր վարքագծով նաև Պետերբուրգյան համաժողովի ժամանակ՝ NBC-ի լրագրող Մեգին Քելիի հետ երկխոսության ընթացքում։ Ես կարծում եմ, որ բոլորը նկատեցին Պուտինի ոչ միայն անհաջող վարքը, այլև՝ նրա կտրուկ հոգեբանական ու ֆիզիկական փոփոխությունները, պահվածքը, դեմքի արտահայտությունները, այդ ամբողջը խոսում է լուրջ կլինիկական անբավարարության մասին։
– Այսինքն՝ Դուք կանխատեսում եք իշխանափոխությո՞ւն Ռուսաստանում, կամ առնվազն Պուտինի՞ փոփոխություն։
– Այդ մասին նրա շրջապատի մարդիկ ուղղակի չեն կարող չմտածել։ Իսկ թե ինչպես այդ ամենը կզարգանա, կոնկրետ կանխատեսելը շատ դժվար է։
– Իսկ եթե Պուտինը հեռանա իշխանությունից, ՌԴ քաղաքական կուրսը կփոխվի՞։
– Գիտեք, Ստալինի մահվանից կամ սպանությունից հետո իշխանության եկան այնպիսի սրիկաներ, ինչպիսին նա էր։ Կոմունիստական հասարակարգը չփոխվեց, բայց զգալիորեն փոխվեց արտաքին քաղաքականության ուղղվածությունը։ Ստալինը գործը տանում էր դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, նրան փոխարինողները տեղափոխեցին խաղաղ գոյակցման ուղեծիր։ Ռուսաստանի օլիգարխիայի համար այժմ արտաքին քաղաքականության փոփոխության իմաստն Արևմուտքի հետ հարաբերությունների կարգավորումն է, իսկ դրա համար նրանք պետք է գնան որոշակի զիջումների՝ ամեն ինչում մեղադրելով գահընկեց արված բռնակալին։
Անդրկուլիսյան նման խոսակցություններ արդեն տարվում են, այդ թվում՝ Վաշինգտոնում նրանց ներկայացուցիչների և ամերիկյան կառույցների միջև։ Այդ սխեման մոտավորապես այսպիսին է՝ նոր իշխանությունը պատրաստ է լինելու հեռանալ Դոնբասից, բայց ո՛չ Ղրիմից։ Իսկ Արևմուտքը Ղրիմի վրա աչք կփակի և կհանի պատժամիջոցների մի մասը։ Ահա այդպիսի գործարքը հնարավոր է։
– Իսկ այդ փոփոխությունն ինչպե՞ս կազդի մեր տարածաշրջանի, Ղարաբաղյան հակամարտության, ԵԱՏՄ-ի վրա։
– Ոչ մի կերպ ազդեցություն չի ունենա։ Այդ հարցերում Ռուսաստանի և այն ռեժիմի շահերը, որ կգա Պուտինից հետո, կմնան նույնը՝ ամեն կերպ պահպանել հակամարտությունը, որպեսզի ազդեցության լծակներ ունենա և՛ Երևանի, և՛ Բաքվի վրա։
– Միջազգային ճգնաժամային խումբն օրերս զեկույց է հրապարակել, որում նշվում է, որ այս գոտում ամենահզոր օտարերկրյա ազդեցիկ ուժը Ռուսաստանն է, թեև նրա դերակատարումը բարդ է. նա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից է, սակայն մյուս կողմից` Ադրբեջանի և Հայաստանի զենքի հիմնական մատակարարն է` կասկած առաջացնելով, որ ավելի շատ հետաքրքրված է տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնելու, քան հակամարտությունը կարգավորելու հարցում։ Ձեր կարծիքով՝ Ռուսաստանի իրական նպատակը ո՞րն է։
– Կարծում եմ՝ Մոսկվան ոչ մի դեպքում հետաքրքրված չէ Ադրբեջանի խոշորամասշտաբ ագրեսիայով, որը կտրուկ կփոխեր ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում։ Նրա խնդիրն է՝ աջակցել ու պահպանել ծխացող հակամարտությունը, որոշ սահմանափակ ռազմական գործողությունների, ինչպես դա եղավ մոտ մեկ տարի առաջ՝ 2-3 գյուղեր զավթելով, Մոսկվան դրան կարող է գնալ։ Բայց նրա գլխավոր խնդիրն է՝ իրեն կապված պահել 2 կողմին էլ։ Դրա համար ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի հաղթանակն այս հակամարտության մեջ ոչ մի դեպքում նրան չի գոհացնում։
– Լոնդոնում ահաբեկչությունից հետո Դոնալ Թրամփը հայտարարեց, որ ժամանակն է հրաժարվել քաղաքական կոռեկտությունից, իսկ Բրիտանիայի վարչապետը խոսեց ծայրահեղականների դեմ պայքարի խստացման մասին։ Ինչպե՞ս կփոխվի Արևմուտքի վերաբերմունքը Ղարաբաղյան հակամարտության հանդեպ՝ այդ քաղաքական կոռեկտությունից հրաժարվելուց և ահաբեկչության դեմ պայքարն ուժգնացնելուց հետո։
– Ես այստեղ ոչ մի կապ չեմ տեսնում։ Ղարաբաղյան հակամարտությունն Արևմուտքի աչքում այլ բան է, այն չի դասվում ահաբեկչության շարքին։
– Ռուսաստանի նախագահը միջազգային ԶԼՄ-ներին հայտարարել է, թե տեղեկատվություն ունի, որ ամերիկաճապոնական համաձայնագիրը ենթադրում է, որ Կուրիլյան կղզիները Ճապոնիային վերադարձնելու դեպքում՝ այնտեղ կլինի ԱՄՆ ռազմական ներկայություն։ Կարելի՞ է ենթադրել, որ նույնպիսի պատճառ կա նաև Ղարաբաղյան հակամարտության դեպքում, որի կարգավորմանը, ինչպես ասացիք, Պուտինն իրականում դեմ է։
– Պուտինը հերթական հիմարությունն է ասել, նա տասնյակ նման հիմարություններ է ասել։ Իսկ թե ինչու է Պուտինը հետաքրքրված Ղարաբաղյան հակամարտության պահպանմամբ, ես ասացի։ Ամերիկյան զորքեր նա այնտեղ չի սպասում։ Նրան հարկավոր է վերահսկել և իրեն ենթարկել Երևանն ու Բաքուն։ Եվ դա նրան փայլուն հաջողվում է՝ պատերազմին աջակցելու միջոցով։
– Թբիլիսիում Ադրբեջանի հատուկ ծառայություններն առևանգել են ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողի։ Հայաստանում կարծում են, որ Բաքվին այդ քայլին ներշնչել է Լապշինի գործի նկատմամբ միջազգային հանրության անտարբերությունը։ Հաշվի առնելով ԱՄՆ-ի և ԵՄ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների արձագանքը, Ձեր կարծիքով՝ Ադրբեջանին սպառնո՞ւմ են պատժամիջոցներ։
– Ոչ, Ադրբեջանին ոչ մի պատժամիջոց չի սպառնում։ Սաուդյան Արաբիա իր այցելության ժամանակ Թրամփը հայտարարեց, որ մտադիր է աջակցել և հարաբերությունները պահպանել նավթային բռնատիրական ռեժիմների հետ։ Մարդու իրավունքների հարցերը նրան բոլորովին չեն հուզում։
– Հայաստանի իշխանությունները վստահ են, որ աշնանը Եվրամիության հետ կստորագրեն նոր փաստաթուղթ, որը չի հակասում ԵԱՏՄ-ին։ Ռուսաստանը դե՞մ կլինի դրան։
– Ձեր հույսերը, որ Մոսկվան չի հակառակվի այդ փաստաթղթին, զուր են։ Մոսկվան կդժգոհի և ամենակտրուկ ձևով կխոչընդոտի դրա ստորագրմանը։ Եթե Մոսկվան կաշվից դուրս է գալիս, որպեսզի թույլ չտա ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ մերձենալ Մակեդոնիային, Չեռնոգորիային, Բոսնիային, առավել ևս՝ նա հուսակտուր կպայքարի նախկին Խորհրդային Միության տարածքում իր մենաշնորհային վերահսկողության համար։