«Որտեղի՞ց շարքային բժշկին այդքան հարստություն, երբ անգամ հաշմանդամ զինվորից գումար են գանձում վիրահատության համար». Նաիրա Զոհրաբյան
«Ես մնում եմ իմ այն համոզմանը, որ այս կարևոր ռազմավարական և հատկապես՝ առողջապահական օբյեկտները սեփականաշնորհելուց առաջ պետք է կազմակերպվեին խորհրդարանական լսումներ»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ ընդգծելով, որ բազմաթիվ հարցեր ունի տվյալ բուժհաստատությունների ղեկավարներին։
«Բազմաթիվ հարցեր ունեմ Ուռուցքաբանության կենտրոնի ղեկավարությանը, Կուրորտաբանության կենտրոնի ղեկավարությանը, և այլն, որովհետև ինձ շատ հետաքրքիր է, թե ինչու այդ հիվանդանոցները չեն կարողանում իրենց առջև դրված խնդիրը լուծել, բայց այդ հիվանդանոցների ղեկավար բժշկական կազմն ապրում է միլիոնատերերի նման։ Որտեղի՞ց շարքային բժշկին այդքան հարստություն, երբ իր հիմնարկում անգամ պետպատվերով հաշմանդամ զինվորից գումար են գանձում վիրահատության համար»։
Զոհրաբյանը նկատեց՝ 1990թ. մինչև 2016թ. քաղցկեղով հիվանդացությունն աճել է 80%-ով, իսկ մահացությունը՝ 90%-ով. «20 սոցիալական խավերի հասնում է պետպատվեր, բայց այդ բոլոր խավերից այդ հիվանդանոցներում ցանկացած առողջապահական ծառայություն մատուցելու համար վերցնում են գումար։ Չունես գումար՝ քո պետպատվերն իրենց համար ընդամենը զիբիլ է, թուղթ, որը շպրտում են մի կողմ։ Ես հարցեր ունեմ այդ գերատեսչությունների ղեկավարներին»։
Պատգամավորը նշեց, որ իրենք «գիր ու ղուշ» անողներ չեն, որ տեսնեն՝ կստացվի՞, թե՞ ոչ. «Մենք ունենք նաև խայտառակ մասնավորեցման օրինակներ։ Պետք է կազմակերպվեն հանրային լսումներ, որին պետք է մասնակցեն բուժհաստատությունների ղեկավարները, ամեն ինչից անտեղյակ առողջապահության նախարարը, որը չգիտի՝ ներդրումային ծրագրեր կլինե՞ն, թե՞ ոչ։ Եթե մասնավորեցվելու է ընդամենը մասնավորեցման համար, և որևէ բան չի փոխվելու այդ հաստատություններում, թող այսպես մնան։ Ինչ վերաբերում է նրան, թե մասնավորեցվում է որակյալ և մատչելի ծառայություններ առաջարկելու համար, ես համաձայն չեմ, որովհետև բոլորս էլ հասկանում ենք, որ, եթե այդտեղ ներդրումներ են արվում, մատուցվող ծառայությունների գները բարձրանալու են»։
Զոհրաբյանն առաջարկեց նախագիծը չդնել քվեարկության և կազմակերպել խորհրդարանական լսումներ. «Մենք որևէ տեղ չենք շտապում։ Եթե նպատակն իսկապես այդ ոլորտներն արդյունավետ կառավարման հանձնելն է, որը կապահովի որակ, ապա այստեղ շտապել պետք չէ։ Իսկ եթե նպատակը բյուջեն 35-36 մլրդ դրամով ապահովելն է, շատ ավելի ազնիվ է, որ կառավարության ներկայացուցիչն ասի՝ բյուջեում փող չկա՝ աշխատավարձ, թոշակ տալու համար, և սա ելք է»։