
Հայաստանում մեկ ամսում օդային փոխադրումների սակագներն աճել են 10.7 տոկոսով

Հայաստանում էական աճ է արձանագրվել օդային փոխադրումների սակագներում. մայիսին ապրիլի նկատմամբ դրանք աճել են 10.7 տոկոսով: Այս մասին հունիսի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանը:
«2017 թվականի մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ հանրապետության սպառողական շուկայում արձանագրվել է 1.6 տոկոս գնաճ: Այդ թվում` սննդամթերքը և ալկոհոլային խմիչքը միասին ունեցել են 5.9 տոկոս գնաճ: Ոչ պարենային ապրանքների գծով արձանագրվել է գնանկում 2.4 տոկոս: Ծառայությունների սակագները ևս ունեցել են նվազման միտում 1.7 տոկոսով: Եթե դիտարկելու լինենք վերջին տաս տարիներին սպառողական գների դինամիկան, ապա ամենաբարձր գնաճը հունվար-մայիսի կտրվածքով արձանագրվել է 2008 թվականին` 7.4 տոկոս: Նախորդ տարի արձանագրվել է գնանկում 0.6 տոկոս, իսկ 2017-ին 2.1 տոկոս գնաճ»,- ասաց Մարտիրոսյանը: