Բաժիններ՝

Միջնորդների խնդիրն է անել հնարավորը՝ ԼՂ հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու համար. Իգոր Պոպով

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ռիչարդ Հոգլանդի (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա)՝ հունիսի 10­-ին նախատեսված Հայաստան այցի շրջանակում համանախագահները հանդիպում կունենան ՀՀ նախագահի, պաշտպանության և արտաքին գործերի նախարարների հետ:

Այս մասին «Արմենպրես»-­ին տեղեկացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը:

«Ֆրանսիական և ամերիկյան կողմերի համանախագահների, ինչպես նաև դեսպան Անջեյ Կասպշիկի հետ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հունիսի 1­ին կլինենք Հայաստանում: Մենք ուզում ենք հստակեցնել հակամարտության գոտում տիրող իրավիճակը: Նախատեսվում է արդիական հարցերի քննարկում՝ այդ թվում՝ հաշվի առնելով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ ապրիլի վերջին կայացած հանդիպման արդյունքները: Հաջորդ օրը նախատեսվում է այց Լեռնային Ղարաբաղ: Ընդունված կարգի համաձայն՝ հանդիպումների արդյունքում ԵԱՀԿ­-ի պաշտոնական կայքում կհրապարակվի համապատասխան հայտարարություն»,- ­ասաց ռուսաստանցի համանախագահը՝ նաև տեղեկացնելով, որ հաջորդ շաբաթվա վերջին
համանախագահներն այցելելու են Բաքու:

Հարցին, թե արդյոք նման հասցեական հայտարարությունները, ինչպես վերջերս հնչեցրել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, կարո՞ղ են ինչ­որ կերպ նպաստել արցախ­ադրբեջանական շփման գծում լարվածության նվազեցմանը, Իգոր Պոպովը պատասխանեց. «Մեր հայտարարության մեջ դատապարտվում են հրադադարի ռեժիմի վերջին խախտումները, և հակամարտության կողմերին կոչ է արվում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները շփման գծում և հայ­ադրբեջանական սահմանին լարվածության հետագա սրումը կանխելու համար: Ինչպես արդեն նշեցի, հակամարտության գոտում տիրող իրավիճակը, զարգացման հեռանկարները կլինեն տարածաշրջան կատարելիք առաջիկա այցի քննարկման առարկան: Որպես միջնորդներ՝ մեր խնդիրն է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի հակամարտությունը կարգավորվի բացառապես խաղաղ, քաղաքական­դիվանագիտական միջոցներով: Շարունակելու ենք աշխատել այդ ուղղությամբ»-,­ եզրափակեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս