Հայկական լոլիկի արտահանման ապագան

Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանից Ռուսաստան արտահանվել է 8332 տոննա լոլիկ՝ 3 մլն 378 հազար դոլար մաքսային արժեքով։ Այս մասին տեղեկանում ենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տվյալների բազաներից։ ԵԱՏՄ մյուս երկրներ այս տարվա հունվարին-մարտին լոլիկի արտահանում չենք ունեցել։

Համեմատության համար նշենք, որ 2016 թվականի առաջին եռամսյակում Հայաստանից ԵԱՏՄ արտահանվել էր 13 348 տոննա լոլիկ, որից 13 148 տոննան՝ դեպի Ռուսաստան, 200 տոննան՝ Բելառուս։ Արտահանված լոլիկի ընդհանուր մաքսային արժեքը ավելի քան 9.1 մլն դոլար էր։

Այսպիսով, 2017 թվականի առաջին եռամսյակում՝ 2016 թվականի առաջին եռամսյակի համեմատ, լոլիկի արտահանումը Հայաստանից ԵԱՏՄ նվազել է բնեղեն արտահայտությամբ (քաշով)՝ մոտ 38%-ով, արժեքային արտահայտությամբ՝ մոտ 59%-ով (այլ երկրներին չենք անդրադառնում, որովհետև ծավալները չնչին են)։ Սակայն դեպրեսիայի մեջ ընկնելու կարիք չկա, որովհետև 2016 թվականի արտահանման աճը ռեկորդային էր և աննախադեպ։

Որպեսզի պարզ դառնա, թե ինչ դինամիկայի մասին է խոսքը, հիշեցնենք վերջին 3 տարիների՝ Հայաստանից Ռուսաստան լոլիկի արտահանման վիճակագրությունը։

2014 թվական՝ արտահանվել է 131.5 տոննա, մաքսային արժեքը՝ 191.5 հազար դոլար,

2015 թվական՝ արտահանվել է 1129.7 տոննա, մաքսային արժեքը՝ 1 մլն 519.7 հազար դոլար,

2016 թվական՝ արտահանվել է 35 842 տոննա, մաքսային արժեքը՝ 22 մլն 612.3 հազար դոլար:

2015 թվականի համեմատ Հայաստանից Ռուսաստան լոլիկի արտահանումը բնեղեն արտահայտությամբ աճել է 15 անգամ, արժեքային առումով՝ 15 անգամ։ Իսկ 2014 թվականի համեմատ աճն ավելի տպավորիչ է՝ բնեղեն արտահայտությամբ՝ 272 անգամ, արժեքով՝ 118 անգամ։

2016 թվականի աճը, բնականաբար, պայմանավորված էր Թուրքիայի նկատմամբ Ռուսաստանի կողմից սահմանված պատժամիջոցներով։ Ռուսաստանը թուրքական ծագման մի շարք ապրանքների գծով էմբարգո սահմանեց 2016 թվականի հունվարի 1-ից՝ ի պատասխան Սիրիայի տարածքում թուրքական զինուժի կողմից ռուսաստանյան Սու-24 ինքնաթիռի խոցման։ Պատժամիջոցների տակ ընկավ նաև թուրքական լոլիկի ներմուծումը։ Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2016 թվականին Թուրքիայից Ռուսաստան լոլիկ չի ներմուծվել, և շուկայի դեֆիցիտը լրացվել է այլ երկրների, այդ թվում՝ Հայաստանի կողմից։

Որպեսզի հասկանալի լինի, թե թուրքական լոլիկն ի՞նչ կշիռ ուներ Ռուսաստանի լոլիկի սպառման մեջ, մի քանի տվյալներ բերենք։

Ռուսաստանը տարեկան սպառում է մոտ 1.4 մլն տոննա լոլիկ։

Այդ ծավալից մոտ 700 հազար տոննան բավարարվում էր ներքին արտադրանքի հաշվին, մնացածը՝ ներմուծման։

2015 թվականին Ռուսաստանը ներմուծել է ընդհանուր առմամբ 665.5 հազար տոննա լոլիկ, որից 347 հազար տոննան՝ Թուրքիայից։ Թուրքիան Ռուսաստանին խոշորագույն մատակարարն էր, որին հաջորդում էին Չինաստանը (87 հազար տոննա), Մարոկկոն (86 հազար տոննա), Ադրբեջանը (65 հազար տոննա) և Բելառուսը (40.5 հազար տոննա)։

2016-ին լոլիկի ներմուծումը նվազեց մինչև 461.5 հազար տոննա։ Ու թեպետ ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում ասել էր, որ իրենք արդեն կրկնակի նվազեցրել են լոլիկի ներմուծումը, ներմուծման վիճակագրությունը ցույց է տալիս, որ ներկրումն իրականում նվազել է 204 հազար տոննայով կամ 30%-ով։

Թուրքական լոլիկի առաջացրած դեֆիցիտը հնարավոր չէր կարճ ժամանակում լրացնել տեղական բերքով։ Հետևաբար՝ Թուրքիայի ազատած տեղը լոլիկի ռուսաստանյան շուկայում մասամբ զբաղեցրին այլ երկրները։ Որքան էլ զարմանալի լինի, Չինաստանը չավելացրեց իր ներկայությունը ռուսաստանյան շուկայում։ Փոխարենը՝ Մարոկկոն 2016 թվականի արդյունքներով դարձավ Ռուսաստանի՝ լոլիկի խոշորագույն մատակարարը՝ ներմուծման ծավալը հասցնելով 126 հազար տոննայի։

Ադրբեջանը Ռուսաստան մատակարարվող լոլիկի ծավալը հասցրեց 98.2 հազար տոննայի, Բելառուսը՝ 81.1 հազար տոննայի, Հայաստանը՝ մոտ 36 հազար տոննայի։ Իհարկե, բոլորի համար այդպես ձեռնտու էր, սակայն մայիսի սկզբին ռուսներն ու թուրքերը լոլիկի մատակարարներին անհանգստանալու առիթ տվեցին, երբ հայտարարեցին, որ վերացնում են երկկողմ առևտրի սահմանափակումները։

Թվում էր՝ վերջ, թուրքերը կրկին կսկսեն իրենց լոլիկն արտահանել Ռուսաստան և դուրս կմղեն շուկայի նորահայտ խաղացողներին։

Սակայն մի քանի oր առաջ վերջնականապես պարզ դարձավ, որ Ռուսաստանը մտադիր չէ առաջիկա 3 տարիներին իր շուկան վերաբացել թուրքական լոլիկի առջև։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում ասել էր ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը։

«Լոլիկի ներքին արտադրության զարգացման համար առաջիկա 3 տարիները վճռորոշ են լինելու, անհրաժեշտ կլինի զգալիորեն աճել։ Մենք արդեն կրկնակի նվազեցրել ենք լոլիկի ներմուծումը և երկրի ներսում աճեցնում ենք 800 հազար տոննա։

Մեզ պետք է այդ քանակը ավելացնել ևս 500 հազար տոննայով։ Դրա համար կպահանջվի 3-5 տարի՝ կախված շուկայի կառուցվածքից և ներքին պահանջարկից»,- ասել է նախարարը։ Պարզ ասած՝ հայերը, ադրբեջանցիները, մարոկկացիները, բելառուսները, չինացիներն ու մյուսները դեռ կարող են լոլիկ արտահանել Ռուսաստան։ Սակայն դա հավերժ չի կարող տևել։

Տկաչովը մի կողմից՝ հայտարարել է, որ մոտ ապագայում թուրքական լոլիկին վերադարձ չի նախատեսվում, մյուս կողմից՝ նշել, որ իրենցից կպահանջվի 5-7 տարի՝ լոլիկի պահանջարկն ամբողջությամբ սեփական ռեսուրսներով բավարարելու համար։ Ավելին, ըստ նախարարի՝ հեռու չէ այն օրը, երբ Ռուսաստանը կարտահանի սեփական լոլիկը։ Այսինքն, եթե Տկաչովի կանխատեսումն իրականություն դառնա, ապա Ռուսաստանը ոչ հայկական լոլիկի կարիքը կունենա, ոչ էլ թուրքական կամ չինական։

5-7 տարվա ընթացում պետք է հասցնել առավելագույն օգուտ քաղել՝ ոչ միայն շուկայից հեռացած թուրքերի, այլ թուրքերի տեղը գրաված մյուս խաղացողների հաշվին։

Այդ առումով, այս տարվա առաջին եռամսյակում լոլիկի արտահանման ծավալների նվազումը Հայաստանից Ռուսաստան ինչ-որ առումով մտահոգիչ է։ Դա կարող է նշանակել, որ մենք զիջում ենք մեր դիրքերը ռուսաստանյան շուկայում մյուս խաղացողներին։ Թեպետ, մյուս կողմից, դա կարող է պայմանավորված լինել նաև ռուսաստանյան լոլիկի բերքի ծավալների աճով (ամեն դեպքում, այդ մասին ավելի կոնկրետ հնարավոր կլինի ասել ավելի ուշ, երբ համապատասխան տվյալները կհրապարակվեն)։

Վերջում անդրադառնանք նաև այն տեղեկություններին, որ իրականում հայկականի անվան տակ Ռուսաստան է ներկրվում թուրքական լոլիկը։ Ճիշտ է՝ Գյուղնախարարությունը բազմիցս հերքել է այս տեղեկությունները և արտահանման աճը հիմնավորել ջերմոցների ընդլայնմամբ, սակայն կարելի է հարցին նաև այլ տեսանկյունից նայել։ Իսկ ի՞նչ երաշխիք, որ ադրբեջանցիները նույնպես իրենց լոլիկի անվան տակ թուրքականը չեն մտցնում ռուսաստանյան շուկա։ Ու եթե իրականում մենք նույնպես թուրքականն ենք Ռուսաստան տանում, ի՞նչ կլինի, եթե այդ պրակտիկայից հրաժարվենք։

Ճիշտ է՝ մեր փոխարեն դա կանեն ադրբեջանցիները։ Այնպես որ, միգուցե ինչ-որ տեղ ավելի ձեռնտու է լռել «թուրքական հետքի» մասին, առավել ևս, որ այդ տեղեկությունները պաշտոնապես բազմիցս հերքվել են։

Տեսանյութեր

Լրահոս