«Ով շփոթվում, երկու մեքենա էր վաճառում, հարկային մարմինները գալիս, բռնում-տուգանում էին, արյունը քամում էին…»
Այսօր ավտոներկրողներն «Ավտոներկրողներն ընդդեմ ՀՀ հարկային օրենսգրքի» կարգախոսով բողոքի ակցիա էին կազմակերպել ավտոշուկայի մոտ։
Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը, ով նաև այս բողոքի ակցիայի կազմակերպիչներից էր, մեզ հետ զրույցում ասաց.
«Մենք, արդեն 10 տարի է ՝ տառապում ենք ավելացված արժեքի հարկի պատճառով։ Մենք երկրորդ մեքենա ենք բերում ուրիշ քաղաքացիների՝ բարեկամների, հարևանների անունով, որպեսզի խուսափենք ավելացված արժեքի հարկի տոկոսից՝ 16.67 տոկոս։ Ով շփոթվում, երկու մեքենա էր վաճառում, հարկային մարմինները գալիս, բռնում-տուգանում էին, արյունը քամում էին ու տանում էդ մեքենայի կես գումարը։
Մենք սկսեցինք խուսափել և նոտարներով ուրիշների անուններով բերում ենք։ 2018 թ.-ից Հարկային օրենսգրքով, ուզում ես՝ նոտարով բեր, ուզում ես՝ քո անունով բեր մեքենան, առք ու վաճառքի ինչ գին գրեցիր, դրա 10 տոկոսը պիտի տաս։ Իրենք մեր գլխի տակ փափուկ բարձ դնելով ու ասելով, թե՝ դու կարող ես արդեն քո անունից մեքենա բերես՝ ասում են, թե՝ նայի, 16,67 տոկոս էր առաջ, հիմա 10 տոկոս ես մուծելու։ Նրանք էնքան անխելք են ու էնքան հեռու են գտնվում ժողովրդից, որ գան աղքատ մարդկանց հարց տան, ասեն՝ մեքենան վաճառելուց քանի՞ տոկոս շահույթ ունես, բոլորը կասեն՝ 5, բա ո՞նց ենք 10 տոկոս տալու պետությանը»։
Տ. Հովհաննիսյանը խոսելով այս խնդրի շուրջ իրենց դիրքորոշման մասին՝ նշեց. «Մեր դիրքորոշումն այսպիսին է. կամ 10.000 գումար կտանք, ոչ թե 10 տոկոս, կամ էլ ընդհանրապես գումար չենք տա։ Մենք մեր անունով կբերենք ու կվաճառենք, միևնույն է, մաքսազերծման կետում միջինը 1.500 դոլար փող ենք տալիս, էլ հարկ ինչի՞ համար տանք»։
Հարցին, թե այս խնդրի լուծման համար գրավոր դիմում ներկայացրե՞լ են կառավարություն, Տ. Հովհաննիսյանը պատասխանեց. «100 անգամ դիմել եմ, ոչ մի պատասխան էլ չունեմ»։
Նախատեսվում էր, որ ակցիան սկսվելու է ավտոշուկայի մոտից, և ավտոներկրողները երթով շարժվելու են դեպի ՀՀ կառավարության շենք՝ այնտեղ բողոքի ակցիան շարունակելու, բայց այս անգամ բողոքի ակցիան ավարտվեց հենց ավտոշուկայի մոտ.
«Սա առաջին անգամն էր, կարելի է ասել՝ մեր կազմակերպչական հավաքն էր։ Մենք բողոքի ակցիայով կլինենք կառավարությունում մյուս չորեքշաբթի, որովհետև ավտոներկրողների մեծ մասը հինգշաբթի օրվանից գտնվելու է Վրաստանում, առաջին երկու օրն էլ մաքսատանը գործարքով են զբաղված լինելու։ Կհավաքվենք մյուս չորեքշաբթի մոտ նույն ժամին այստեղ և հետո երթով կգնանք դեպի ՀՀ կառավարության շենք»,- ասաց Տիգրան Հովհաննիսյանը։
Ռոզա Հակոբյան