Բաժիններ՝

Հուլիս և օգոստոս ամիսներին կանխատեսվում է մինչև 42 աստիճան տաքություն

«Անցած տարվա ամռան ջերմաստիճանը հիմնականում եղել է նորմայի սահմաններում, իսկ այս տարի մենք սպասում ենք ավելի շոգ ամառ, քան անցած տարվանն էր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

Նա խոսեց ամռան եղանակակլիմայական պայմանների բնութագրի մասին, ինչպես նաև ներկայացրեց ամռան բոլոր ամիսների եղանակային կանխատեսումները:

Նա նշեց, որ հունիսին օդի ջերմաստիճանը և տեղումների քանակը կանխատեսվում են նորմայի սահմաններում. Արարատի, Արմավիրի մարզերում, Արագածոտնի նախալեռներում, Կոտայքի նախալեռներում, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում առանձին օրերին ցուրտ օդային հոսանքների ներխուժման պայմաններում գիշերային ժամերին չի բացառվում, որ ջերմաստիճանը կնվազի մինչև +7… +12 աստիճան, իսկ արևադարձային տաք օդային զանգվածների ներթափանցման դեպքում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կբարձրանա և կհասնի +33…+36 աստիճանի:

Շիրակում, Կոտայքի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, Արագածոտնի լեռնային շրջանններում, Վայոց ձորի լեռնային շրջաններում առանձին օրերին գիշերը ջերմաստիճանը կիջնի մինչև +2…+5 աստիճան, իսկ ամսվա երկրորդ տասնօրյակում, երբ կակտիվանան արևադարձային տաք օդային հոսանքները, այս մարզերում ջերմաստիճանը կհասնի +24… +28  աստիճանի:

Կարդացեք նաև

Լոռու մարզում նվազագույն ջերմաստիճանը կանխատեսվում է ամսվա առաջին տասնօրյակում. Գիշերները՝ մինչև +3…+6 աստիճան, իսկ ամսվա երկրորդ կեսին ցերեկը ջերմաստիճանը կհասնի +25…+30 աստիճանի:

Տավուշի մարզում նվազագույն ջերմաստիճանը կանխատեսվում է ամսվա առաջին կեսին՝ +5…+8 աստիճան, իսկ առանձին դեպքերում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +28… + 34 աստիճանի:

Սյունիքի մարզում կանխատեսվում է ամենատաք եղանակը. հովտային շրջաններում ջերմաստիճանն առանձին դեպքերում կիջնի գիշերը՝ մինչև +10…+15 աստիճան, իսկ արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցման դեպքում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +33…+37 աստիճանի:

Երևանում, հատկապես ամսվա առաջին տասնօրյակում, գիշերային ժամերին ջերմաստիճանը կարող է նվազել +7…+10 աստիճանի, իսկ ամսվա երկրորդ տասնօրյակում, երբ կակտիվանան արևադարձային տաք օդային հոսանքները, ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +34…+36 աստիճանի:

Գագիկ Սուրենյանի խոսքով՝ եթե հունիսի ջերմաստիճանն ու տեղումների քանակը կանխատեսվում է նորմայի սահմաններում, ապա հուլիսն ու օգոստոսը կանխատեսվում է բավականին շոգ:

«Այս տարի արևադարձային ջերմային ցիկլոնի ակտիվացման ցիկլն է: Այս գործընթացը ձևավորվում է Արաբական թերակղզու վրա, այն ապահովում է ՀՀ Արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը: Ու քանի որ այս տարի այս ցիկլի ակտիվացման շրջանն է, մենք սպասում ենք, որ հուլիս-օգոստոս ամիսներին օդի ամսական միջին ջերմաստիճանը կլինի նորմայից բարձր»:

Առանձին օրերին, երբ ՀՀ կներթափանցեն այս տաք օդային հոսանքները, Արարատյան դաշտում, Տավուշի հովտային գոտիներում և Երևանում ջերմաստիճանը կարող է հասնել մինչև +40 աստիճանի, իսկ Սյունիքի հովտային հատվածներում ՝ Մեղրի, Կապան, Ագարակ, մինչև +41աստիճանի, առանձին դեպքում նաև՝ +42 աստիճանի:

Անի Թորոսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս