Շրի Լանկայում հեղեղումների զոհերի թիվը գերազանցել է 200-ը
Շրի Լանկայում հեղեղումների հետեւանքով զոհվածների թիվը գերազանցել է 200-ը, եւս 96 մարդ անհայտ կորած է համարվում: Այդ մասին հայտնել է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը՝ հղում անելով երկրի կառավարությանը:
Ավելի վաղ հաղորդվել էր 193 զոհերի եւ 94 անհայտ կորածների մասին: Արտակարգ պատահարների արձագանքման կենտրոնը մայիսի 31-ի առավոտյան հայտնել է, որ վերջին տվյալներով զոհվել է 202 մարդ: Երկրի տարբեր տարածաշրջաններում հեղեղումներ են առաջացրել մայիսի 26-ին սկսված հորդառատ անձրեւները:
Հեղեղումների եւ սողանքների հետեւանքով շուրջ 600 հազար բնակիչներ հարկադրված էին լքել իրենց տները, ավերվել է ավելի քան 1,3 հազար տուն, եւս շուրջ 5 հազար շենքեր վնասվածքներ են ստացել: Շրի Լանկայի արտակարգ պատահարների արձագանքման կենտրոնի տվյալներով՝ ընդամենը հեղեղումներից ավելի քան 557 հազար մարդ է տուժել երկրի 15 օկրուգներում: Տարերքից տուժած բնակիչներից շատերն սկսել են վերադառնալ իրենց տներ:
Շրի Լանկան արդեն դիմել է ՄԱԿ-ին եւ Հարավային Ասիայի երկրներին՝ խնդրելով օգնել տարերքի հետեւանքների վերացման գործում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: