Գյումրեցի անիմատորների պատրաստած մուլտֆիլմը հավաքել է 20 միլիոնից ավելի դիտում
Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում գործող Սկայլայն ստուդիայի թիմը ռուսական ընկերության պատվերով նախորդ տարի ստեղծեց «Կապույտ Տրակտոր Գոշան» անիմացիոն զարգացնող մուլտֆիլմը, որը կարճ ժամանակում հասցրեց մեծ մասսայականություն վայելել։
Մուլտֆիլմի 2 սերիաներից մեկը հրապարակվել էր 2016 թվականի դեկտեմբերի 17-ին և կարճ ժամանակում հավաքել էր 6.4 մլն դիտում։ Մյուս սերիան, հրապարակվելով մարտի 31-ին՝ ընդամենը 2 շաբաթվա ընթացքում գրանցել է 1.6 մլն դիտում։
Այսօր արդեն Սկայլայն ստուդիայի տնօրեն Գուրգեն Պարոնյանը տեղեկացնում է, որ մուլտֆիլմն ունի ավելի քան 20 միլիոն դիտում:
Սկզբում այս ռուսական մուլտֆիլմը նկարահանվում էր այլ կազմակերպության կողմից և այնքան էլ հաջողված չէր։ Այնուհետև մուլտֆիլմի պատվիրատուները նկարահանման աշխատանքը վստահեցին գյումրեցի մասնագետներին:
«Մենք մեծ ոգևորվածությամբ ձեռնամուխ եղանք մուլտֆիլմի ստեղծմանը և, տեսնելով դիտումների քանակը՝ հասկացանք, որ հաջողել ենք։ Այս հաջողությունները փաստում են այն մասին, որ Գյումրիում իրականացվում են արտասահմանյան շուկայի պահանջներին համապատասխան մրցունակ նախագծեր»,- նշել էր Գուրգեն Պարոնյանը:
Սկայլայն ստուդիայի մասնագետների կողմից ստեղծվում են մի շարք մուլտֆիլմեր, այդ թվում՝ «Ալիսան գիտի, թե ինչ անել», «Նապաստակի 10 ընկերները», «Կապույտ տրակտոր Գոշան», և այլն:
Սիրարփի Աղաբաբյան