Բաժիններ՝

Բլոգեր Ալեքսանդր Լապշինի մայրը Բաքվում այցելել է որդուն

Ադրբեջանում ձերբակալված բլոգեր Ալեքսանդր Լապշինը Բաքվի քննչական մեկուսարանում հանդիպել է մոր՝ Բելլա Լապշինայի հետ: Այս մասին ադրբեջանական Trend­-ին ասել է նրա փաստաբան Էդուարդ Չերնինը:

Նրա խոսքով՝ մայրը ժամանել է Բաքու՝ տեղեկանալու քննության ընթացքից ու որդու ինքնազգացողությունից: Բելլա Լապշինան հանդիպել է որդու հետ ու տեղեկացել, որ հետաքննությունն ավարտված է:

Փաստաբանը հայտնել է, որ ներկայում իրենք ծանոթանում են քննության արդյունքներին: Բելառուսի Գերագույն դատարանը 2017 թվականի փետրվարի 7­-ին մերժել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվեր Ադրբեջան:

Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել է Մինսկից Բաքու ` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ: Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5­-8 տարվա ազատազրկում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս