«Ես կոչ կանեի ամբողջ ԱԺ-ին՝ դեմ քվեարկել այս նախագծին՝ առնվազն նման վերաբերմունքի համար». Գևորգ Գեորգիսյան

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն այսօր ԱԺ-ում ներկայացրեց «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը։

Նա նշեց, որ նախագծերի փաթեթի նպատակն է՝ ՀՀ կառավարության կառուցվածքը համապատասխանեցնել նոր Սահմանադրության փոփոխություններին, համաձայն որի՝ նախարարների թիվը չպետք է գերազանցի 18-ը.

«Բացի այդ, նախագիծն ուղղված է կառավարության արդյունավետությունը բարձրացնելու և կառավարման ձևը փոփոխելու գործընթացը սահուն իրականացնելու համար։ Այսինքն՝ այս նախագծով՝ կառավարության կազմում այլևս չի լինի կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար քաղաքական պաշտոնը, այլ դրան կփոխարինի աշխատակազմի ղեկավար հայեցողական պաշտոնը։ Այս փոփոխությանը համապատասխան փոփոխություններ են կատարվել նաև մյուս օրենքներում»։

Նրա խոսքով՝ նախագծերի փաթեթում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը քննարկվել է Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում, որտեղ արվել են մի շարք առաջարկներ, մասնավորապես՝ դրույքաչափերի բարձրացման հետ կապված, որոնք, ըստ նրա, ընդունվել են։

«Ելք» դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ Սահմանադրության այն դրույթը, որին Հովհաննիսյանը հղում է անում, ուժի մեջ է մտնելու 2018 թվականից, և հասկանալի չէ, թե ինչու են չգործող թեզին համապատասխանեցնում օրենսդրությունը.

«Դա նույնն է, թե հիմա կառավարության կառուցակարգերը փոխեք, օրինակ՝ 3 փոխվարչապետի պաշտոն սահմանել, մինչդեռ հիմա այդ դրույթն ուժի մեջ չէ։ Ըստ էության, աշխատակազմի ղեկավարի պաշտոնի անվան մոտից «նախարար» բառը հեռացնում եք, մնացած ամեն ինչը թողնում եք նույնը. աշխատավարձը, տեղակալի աշխատավարձը։ Տպավորությունն այնպիսին է, որ «նախարար» բառն է ձեզ խանգարում»։

Ի պատասխան՝ Ա. Հովհաննիսյանն ասաց, որ 2018թ. ուժի մեջ մտնող նորմով այս պահին կաշկանդված չեն, բայց փորձում են սահուն անցում ապահովել.

«Մնացածը պահպանվել է, որովհետև աշխատակազմի ղեկավարի գործառույթները բավական լայն են, և պատճառ չկար, որ նրա աշխատավարձը նվազի»։

«Ելք» դաշինքի պատգամավոր Մանե Թանդիլյանի մոտ էլ տպավորություն է ստեղծվել, թե չկա հստակ նկարագիր՝ ինչ է նշանակում՝ աշխատել՝ որպես նախարար, ինչ է նշանակում՝ աշխատել՝ որպես ղեկավար.

«Այնպիսի տպավորություն է, որ նախարարն ուղղակի բառ է, որը կարելի է ավելացնել կամ հանել։ Չկա՞ արդյոք ղեկավարի և նախարարի գործառույթների տարբերություն։ Բացի այդ, «նախարար» բառն ինչքա՞ն թանկ է նստում մեր բյուջեի վրա, որ դա հանում ու շղթայական ռեակցիայով մի շարք աշխատավարձեր ենք բարձրացնում»,- հետաքրքրվեց պատգամավորը։

Ա. Հովհաննիսյանն ասաց, որ նախարարի գործակիցը 12 է, բյուջեով նախատեսված են այդ գումարները, և, եթե պահպանվում է կառավարության աշխատակազմի գործակիցը 12, ապա բյուջեի վրա որևէ ծախս չի ավելանում. «Մյուս հաստիքների բարձրացման պայմաններում շատ փոքր փոփոխություն է կատարվում, ամսական մոտ 200-250 հազար դրամ, և ծախսերի առումով բյուջեի վրա էական փոփոխություն չի լինի»։

Թանդիլյանը շարունակեց՝ նախ՝ ամեն հարմար և անհարմար առիթով ասում ենք՝ բյուջեում փող չկա, բայց երբ գալիս է նման փոփոխություն կատարելու հնարավորությունը, մենք ասում ենք՝ էական չէ։

«Կառավարությունը, օգտվելով իր իրավունքից, ներկայացնում է մի կառուցվածք, որով գտնում է, որ իր ծրագիրը կիրականացնի»,- արձագանքեց Ա. Հովհաննիսյանը։
«Ելք» դաշինքի պատգամավոր Գևորգ Գեորգիսյանն էլ նկատեց, որ ԱԺ-ի և կառավարության դերերի գերադասման և ստորադասման ճանապարհով են գնում.

«Ճիշտ է՝ Սահմանադրությամբ կառավարությունն ունի բացառիկ իրավունք՝ ներկայացնելու կառավարության կազմը, բայց այդ կազմը հաստատում է ԱԺ-ն։ Բացի այդ, այս նախագծով՝ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալը ստանալու է նույնքան աշխատավարձ, որքան պատգամավորը։ Արդյո՞ք սա արդարացված է, և արդյո՞ք սա նորից պատգամավորի դերի նվաստացում չէ»։

Ի պատասխան՝ Ա. Հովհաննիսյանն ասաց, որ սա որևէ մեկի դերի նվաստացում չէ։
«Փաստորեն պատգամավորի գործունեությունը գնահատվում է հավասարապես այդքան, ոչ ավելին։ Ես կոչ կանեի ամբողջ ԱԺ-ին՝ դեմ քվեարկել այս նախագծին՝ առնվազն նման վերաբերմունքի համար»։

Իսկ Հովհաննիսյանը պնդեց, թե տեղին չէ համեմատել տարբեր հանրային ծառայողների աշխատանքները։

Տեսանյութեր

Լրահոս