Թուրքիայում էլեկտրոնային վերահսկման է ենթարկվում 2997 մարդ
Թուրքիայում պայմանականորեն ազատության մեջ գտնվող 2.997 մարդ վերահսկվում է էլեկտրոնային համակարգերի միջոցով: Թուրքական «Haberler.com» լրատվակայքի համաձայն՝ այս մասին տեղեկացրել է դատապարտյալների պայմանական ազատման Անթալիայի վարչության տնօրեն Շեֆիք Դեմիրքոլը:
Անթալիայի գլխավոր դատախազ Ռամազան Սոլմազի խոսքով՝ կասկածյալների, մեղադրյալների ու դատապարտյալների պայմանական ազատ արձակումը քրեակատարողական մեթոդ է, որը հնարավորություն է տալիս պատիժը կրել առանց սոցիումից կտրվելու՝ իրավապաշտպան մարմինների վերահսկողության ներքո:
Թուրքիայում այս համակարգը ներդրվել է 2005թ. և մինչ օրս 997.778 դատական վճռի իրագործում տեղի է ունեցել համապատասխան հատուկ վարչությունների վերահսկողությամբ պայմանական ազատության շնորհմամբ:
Իսկ էլեկտրոնային վերահսկումը բարձրագույն տեխնոլոգիաների ներդրմամբ կասկածյալների, մեղադրյալների կամ դատապարտյալների գործունեության վերահսկումն ու մոնիտորինգն է հասարակության մեջ: Միայն Անթալիայում ներկայումս 187 էլեկտրոնային վերահսկման սարք կա:
Էլեկտրոնային վերահսկման համակարգի ներդրման մասին օրենքը Թուրքիայում հաստատվել է 2012թ. ապրիլին, իսկ գործնական կիրառույթունն սկսվել է 2013թ. հունվարի 1-ից: Մինչ օրս էլեկտրոնային վերահսկման և մշտադիտարկման ընդհանուր առմամբ ենթարկվել է 24.722 մարդ:
Թուրքիայում էլեկտրոնային վերահսկումը կիրառվում է 4 խմբի մարդկանց նկատմամբ՝ տնային կալանքի դատապարտվածների, որոշակի տարածքներից դուրս չգալու պարտավորություն ունեցողների, որոշակի անձանց (տուժածներին) կամ վայրերի չմոտենալու պարտավություն ունեցող անձանց և նրանց նկատմամբ, ում արգելված է ալկոհոլային խմիչքներ օգտագործել: