Ովքեր ճանաչում են նշված տղամարդուն, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտե. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ավտոմեքենայից գողություն կատարած անձի ինքնությունը։
Նախնական տվյալներով՝ 2017թ. ապրիլի 26-ի երեկոյան, առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում կայանված ավտոմեքենայի սրահից հափշտակել է վերարկու, 2 պայուսակ, որոնց մեջ եղել են անձը հաստատող փաստաթղթեր և «այփադ» տեսակի պլանշետ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի և 324-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:
Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրի շրջակայքում տեղակայված անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունը, ենթարկվել զննության: Տեսանյութում երևում է, թե ինչպես է միջին տարիքի մի տղամարդ՝ ձեռքին պայուսակներ և վերարկու, արագ քայլերով անցնում փողոցով:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ։
Խնդրում ենք նշված տղամարդուն ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: