Բաժիններ՝

«Սերբիան չի պատրաստվում անդամակցել ՆԱՏՕ­-ին». Վուչիչ

Սերբիան չի պատրաստվում անդամակցել Հյուսիսատլանտյան դաշինքին: Այդ մասին Pink հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Սերբիայի գործող վարչապետ եւ նախագահ ընտրված Ալեքսանդար Վուչիչը:

«Ես մասնակցել եմ ՆԱՏՕ-­ի խորհրդի նիստին եւ բոլորին ասել եմ, որ մենք նման ձգտում չունենք: Մենք ձգտում ենք ռազմական առումով լինել չեզոք, լինել ռազմական դաշինքներից դուրս»,­-ասել է վարչապետը՝ հավելելով, որ հենց դրա համար է երկիրը միջոցներ ներդնում
անվտանգության բնագավառում: Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ զինվորականներն ու ոստիկանությունը ստացել են նոր հանդերձանք, երկիր են ժամանում ինը նոր ուղղաթիռներ, 60 օրվա ընթացքում երկիր կբերվեն ռուսական ՄիԳ­-եր:

Միաժամանակ Վուչիչը Սերբիայի համար կարեւորել է եվրոպական ուղին: Պատասխանելով սերբ արմատականների առաջնորդ Վոյիսլավ Շեշելի՝ իրեն վերահասցեագրված հարցին՝ «դեռ որքան է նա պատրաստվում նստել երկու աթոռի վրա եւ երկխոսություն վարել Ռուսաստանի եւ եվրամիության հետ», Վուչիչը պատասխանել է. «Դա երկու աթոռ չէ: Շեշելն ընտրում է եզրային աթոռներից մեկը, իսկ ես ընտրում եմ այն, որը մեջտեղում է՝ սերբական աթոռը, եւ չեմ ցանկանում ընտրել մեկ ուրիշը»:

Ավելի վաղ Վուչիչը հայտարարել է, որ ՆԱՏՕ-­ին ՍԵրբիայի անդամակցությունը բազմաթիվ խնդիրներ կլուծեր, բայց հասարակությանը կպառակտեր տասնամյակներով, քանի որ նման որոշումը բնակչության 75 տոկոսի կամքին հակառակ կլիներ: Ռուսաստանն անհատույց
Սերբիային է հանձնել վեց ՄիԳ­-29 բազմանպատակային կործանիչներ, որոնք արդիականացումից հետո մինչեւ տարեվերջ կտրամադրվեն հանրապետության զինված ուժերին: Բացի այդ, սերբ զինվորականները կստանան 30-Տ­72 տանկ եւ հետեւակի 30 մարտական մեքենա:

Սպասվում է, որ Սերբիային կհանձնվեն «Բուկ-­Մ1» եւ «Բուկ-­Մ2» զենիթահրթիռային համալիրներ, ինչպես նաեւ «Տունգուսկա» զենիթային հրթիռահրետանային համալիրներ: Իր կողմից Սերբիային օգնություն է խոստացել նաեւ Բելառուսը. Մինսկը 2018 թվականին Բելգրադին կմատակարարի ութ ՄիԳ-­29 եւ երկու դիվիզիոն «Բուկ» համալիրներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս