Բաղդադում երկրորդ պայթյունն է որոտացել օրվա ընթացքում, զոհվել է առնվազն յոթ մարդ
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում օրվա ընթացքում իրականացված երկրորդ պայթյունի հետեւանքով առնվազն յոթ մարդ է զոհվել, եւս 30 հոգի վերքեր են ստացել: Այդ մասին հայտնել է Al-Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով անվտանգության ծառայության աղբյուրների եւ ականատեսների: Այս անգամ նույնպես ռումբը տեղադրված էր ավտոմեքենայում:
Ականատեսների կողմից նկարահանված կադրերում տեսանելի է թանձր սեւ ծուխը, որը բարձրանում է պայթյունի վայրից: Ըստ առկա տեղեկատվության, պայթյունը որոտացել է Աշ Շուխադաա կամրջի մոտ: Պայթյունի վայրը շրջապատել է ոստիկանությունը,
տուժածները տեղափոխվել են հիվանդանոց:
Սկսվել է հետաքննություն: Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Իրաքի մայրաքաղաքի կենտրոնում պաղպաղակի խանութի հարեւանությամբ ավտոմեքենայի պայթելու հետեւանքով զոհվել է առնվազն 13 մարդ, եւս 30-ը տուժել են: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել է ահաբեկչական գործողության պատասխանատվությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: