Գերմանիայի իշխող կուսակցությունը կքննարկի իր զինվորներին թուրքական Ինջիրլիքի ռազմաբազայից դուրս բերելու հարցը
Գերմանիայի իշխող կոալիցիայի մաս կազմող Սոցիալդեմոկրատական կուսակցությունը (SPD) մայիսի 30-ին խորհրդարանում խմբակցության նիստի ժամանակ կբարձրացնի գերմանացի զինվորներին թուրքական Ինջիրլիքի ռազմաբազայից դուրս բերելու հարցը: Այս մասին հայտնում է գերմանական DPA գործակալությունը:
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ նիստի արդյունքում կուսակցությունը զինվորներին Ինջիրլիքից հեռացնելու մասին որոշում է ընդունելու: Այս որոշումը հստակ ուղերձ է լինելու Թուրքիային, որը իր քայլերով վերջին շրջանում լարել է թուրքգերմանական հարաբերությունները: Կուսակցության արտաքին քաղաքականության հարցերով խոսնակ Նիլս Անենը գերմանական պարբերականներից մեկին տված հարցազրույցում ասել էր, որ իրենք չեն կարող թույլ տալ թուրքական կառավարությանը «շարունակել այս խաղը»:
Գերմանիայի և Թուրքիայի միջև հարաբերությունները վերջին ավելի քան մեկ տարվա ընթացքում շարունակում են լարված մնալ: Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից, Գերմանիայում թուրք քաղաքական գործիչների նախընտրական ելույթներն արգելելուց հետո հարաբերություններում վերջին լարվածության պատճառ է դարձել այն, որ պաշտոնական Անկարան արգելել է գերմանացի պատգամավորներին այցելել Ինջիրլիքի ռազմաբազա: Թուրքական կողմի որոշման վրա ազդել է այն, որ Գերմանիան բավարարել է դիվանագիտական անձնագիր ունեցող թուրք զինվորների՝ ապաստան տրամադրելու դիմումները:
Շատ գերմանացի քաղաքական գործիչներ հայտարարել են այն մասին, որ Գերմանիան պետք է իր զինվորներին հետ կանչի Ինջիրլիքի ռազմաբազայից: Իսկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է Ինջիրլիքի ռազմաբազային այլընտրանք գտնելու
անհրաժեշտության մասին: «Պետք է ուսումնասիրեն այլընտրանքները: Հորդանանը հավանական տարբերակներից է»,-ասել է նա: Պաշտոնական Անկարան խնդրի առնչությամբ հայտարարել է, թե այցն «այս պահին նպատակահարմար չէ»: