
ՄԻՊ-ի կողմից բողոքի քննարկման արդյունքում կալանավորված անձը տեղափոխվել է այլ խուց

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին դիմած քաղաքացին տեղեկացրել է, որ քրեակատարողական հիմնարկում գտնվող ամուսինը հացադուլ է հայտարարել՝ կապված կալանքի տակ պահելու վայրում անընդունելի պայմանների հետ:
Դիմումատուն խնդրել է այցելել կալանավորված անձին: Բողոք ներկայացնելուց անմիջապես հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են քրեակատարողական հիմնարկ, առանձնազրույց ունեցել կալանավորված անձի հետ:
Ինչպես տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, պարզվել են հացադուլի պատճառները՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումը և լարված հարաբերությունները խցակիցների հետ: Կալանավորված անձը խնդրել է Պաշտպանի աջակցությունը՝ այլ խուց տեղափոխվելու հարցում:
Այցից անմիջապես հետո խնդիրը ներկայացվել է քրեակատարողական ծառայությանը: Քրեակատարողական հիմնարկ հերթական այցի ընթացքում պարզվել է, որ կալանավորված անձը տեղափոխվել է այլ խուց: