Կիմ Չեն Նամի սպանության մեջ մեղադրվողների գործը հանձնվել է Մալայզիայի Գերագույն դատարան
Մալայզիայի Սելանգորի նահանգի ստորին ատյանի դատարանը Գերագույն դատարանի քննությանն է հանձնել ԿԺԴՀ-ի քաղաքացի Կիմ Չեն Նամի՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի ավագ եղբոր սպանության մեջ մեղադրվող երկու անձանց գործը: Այս մասին ասված է տարածված հայտարարության մեջ:
Այս աղմկահարույց գործով հիմնական կասկածյալներն են Ինդոնեզիայի 25-ամյա քաղաքացուհի Սիթի Այսիան, ինչպես նաեւ Վիետնամի 29-ամյա քաղաքացուհի Դոան Թհի Հուոնգը: Տեղական օրենսդրության համաձայն՝ նման հանցագործության համար առավելագույն պատիժը մահապատիժն է կախաղանի միջոցով: Ըստ որում նման դատավճիռները կարող է կայացնել սոսկ Գերագույն դատարանը:
Կիմ Չեն Նամը մահացել է փետրվարի 13-ին Քուալա Լումպուրի օդանավակայանից հիվանդանոց տանող ճանապարհին: Մալայզիայի իշխանությունները հայտարարել են, որ մահը վրա է հասել արգելված VX նյարդակաթվածահարական նյութի ներգործության հետեւանքով:
Այս գործով կասկածում են առնվազն եւս մի քանի մարդու, մասնավորապես, ԿԺԴՀ-ի չորս քաղաքացիների, որոնց նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը։