
«Առաջարկում եմ՝ խորհրդարանով մի անգամ բոլոր նախագծերին դեմ քվեարկել». Էդմոն Մարուքյան

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյան այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց, որ հատուկ ռեժիմով քննարկման ընթացակարգը նրա համար է արվում, որ հաշվի առնելով հարցրերի հրատապությունը, դրանք ժամ առաջ ընդունվեն։
«Ելք» դաշինքի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը դեմ էին արագացված քննարկումներին։ «Ըստ էության՝ կանոնակարգը նախատեսում է արագ քննարկումներ իրականացնելու կարգը, բայց ԱԺ կանոնակարգ օրենքում դա նախատեսվել է բացառիկ դեպքերում կիրառելու համար, և ոչ թե ամեն մի ոչ հապճեպ դեպքը բերել և նման քննարկումներ իրականացնել»,- ասաց Էդմոն Մարուքյանը։ «Քանի որ կառավարությունը իր նման նախաձեռնությամբ սահմանափակելով խորհրդարանական մշակույթի կարևոր ձևը՝ քննարկումները, առաջարկում եմ՝ խորհրդարանով մի անգամ բոլոր նախագծերին դեմ քվեարկել և դրանով կառավարությանը տալ ուղերձ, որ այսուհետ այսպիսի մոտեցում չցուցաբերվի»,- հավելեց նա։
ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն՝ ի պատասխան պատգամավորների բարձրացրած հարցերի, ասաց, որ որպեսզի նմանատիպ մեղադրանքներ չհնչեցվեն, պետք է փոխել կանխավարկածը. «Կանխավարկածն այսօր 62-րդ հոդվածով սահմանում է, որ խորհրդարանում քննարկումների տևողությունը մեկ ժամ է, եթե այլ բան չի որոշվում։ Խորհրդարանում քննարկումների ձևաչափը պետք է լինի ժամանակով սահմանափակված, եթե անհրաժեշտություն չկա տեխնիկականների համար սահմանել ավելի կարճ ժամկետ։
Այսօր հակառակ կանխավարկածն է գործում, իսկ ինչ վերաբերում է հարցերի հրատապությանը, ապա բերված 6 նախագծից յուրաքանչյուրն էլ այս պահի դրությամբ իրականում հրատապության ռեժիմի մեջ են. 2017 հուլիսի 1-ի դրությամբ, եթե փոփոխված չլինեն կենսաթոշակները, այդ մարդիկ գնալու են թոշակի ՝ բյուջեի վրա լրացուցիչ ծախսերով, իրավական ակտերի վերաբերյալ փոփոխություն եթե չկատարվի, ապա 40-ից ավելի նախագծեր ձևական թղթերով են լրացվելու, Կառավարության վերաբերյալ օրենքն իրենց բացառիկ իրավունքն է և կարող են ներկայացնել, Միջազգային պայմանագրերի մասին օրենքն էլ, ըստ էության, Սահմանադրությանն է համապատասխանեցվում»։