Մոսկվան պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել Ուկրաինայի իրադրության կարգավորման շուրջ. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցություններ սկսել Ուկրաինայի հարավարեւելքի իրադրության կարգավորման շուրջ, բայց նաեւ ակնկալում է Կիեւի հետ Վաշինգտոնի երկխոսության ակտիվացում: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը «Իզվեստիա» թերթում հրապարակված հարցազրույցում:
«Մենք դեմ չենք Ուկրաինայի հարավարեւելքի իրադրության կարգավորման շուրջ ԱՄՆ-ի նոր վարչակազմի հետ ավելի ակտիվ երկխոսությանը: Ավելին՝ ռուսական կողմից վերջին ժամանակներս քանիցս ընդգծվում էր՝ հենց որ Վաշինգտոնում նշանակեն այդ ուղղության ղեկավարին, ավելի վաղ դրանով զբաղվում էր պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը, մենք պատրաստ կլինենք ձեռնամուխ լինել ծագող բոլոր խնդիրների հանգամանալի քննարկմանը»,-ասել է Ռյաբկովը:
Նախօրյակին The Washington Post թերթը՝ վկայակոչելով «ամերիկացի պաշտոնատար անձանց եւ փորձագետների»,-հայտնել Էէր, որ Թրամփի վարչակազմը ցանկանում է ՌԴ-ի հետ վերագործակել բանակցությունները Ուկրաինայի շուրջ: Թերթի տվյալներով՝ այդ նախաձեռնությունը տնօրինում է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, որն արդեն այդ հարցը քննարկել է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Բացի դրանից, պնդում է հրատարակությունը, ընթանում է նոր ռազմավարության մշակման «միջգերատեսչական գործընթաց», որին մասնակցում է նաեւ փոխնախագահ Մայքլ Փենսի աշխատակազմը:
The Washington Postը նաեւ նշում է, որ Թիլերսոնը մտադիր է Պետդեպարտամենտի հատուկ դեսպանորդ նշանակել սույն նախաձեռնության իրագործման համար: Ինչպես պնդում է թերթը, այդ մարդը, մասնավորապես, ուղղակիորեն բանակցություններ կվարի Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը։