
Ասանժը համաձայն չէ Էկվադորի նախագահի հետ, որն իրեն ցանցահեն է համարել

WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժը մերժել է Էկվադորի նոր նախագահ Լենին Մորենոյի հայտարարությունները, որն իրեն մեղադրել է ցանցահենային գործունեության մեջ: Twitter-ի իր էջում Ասանժը մայիսի 29-ին գրել է, որ ինքը լրագրող է եւ խմբագիր։
«Կոռումպացվածության ապացույցներ հրապարակելը նույն բանը չէ, ինչ որ ցանցահենային գործունեությամբ զբաղվելը: Ես լրագրող եմ եւ խմբագիր: Նույնիսկ ԱՄՆ-ն ինձ ցանցահեն չի համարում»,-նշել է նա:
Մայիսի 29-ին ավելի վաղ լրագրողների հետ կայացած զրույցի ժամանակ Էկվադորի ղեկավարը, որը պաշտոնն ստանձնել է մայիսի 24-ին, WikiLeaks կազմակերպության հիմադրին անվանել է «ցանցահեն», սակայն խոստացել է պահպանել նրա ապաստանը Լոնդոնում հարավամերիկյան այդ երկրի դեսպանատանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: