
Պատրիարքական տեղապահ Բեքչյանը հունիսի մեկին կժամանի Ստամբուլ

Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը հունիսի 1-ին կժամանի Ստամբուլ: Այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը:
Բեքչյանի համար հատուկ դիմավորման արարողություն կկազմակերպվի, ինչպես նաև Գումգափուի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում պատարագ կմատուցվի:
Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Բեքչյանը մարտի 15-ին Պոլսո պատրիարքարանի հոգևոր խորհրդում ընտրվել էր պատրիարքական տեղապահի պաշտոնում: Նրա ընտրվելուց հետո, սակայն, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հրաժարվել էր թողնել պատրիարքական փոխանորդի պաշտոնը, ինչի հետևանքով պատրիարքարանում միառժամանակ լարվածություն էր սկսվել:
Աթեշյանը միայն մայիսի 24-ին հայտարարեց հրաժարական տալու մասին՝ պաշտոնապես Բեքչյանին հրավիրելով Ստամբուլ: Վերջինս ավելի վաղ մեկնել էր Գերմանիա և հայտարարել, որ պատրիարքական ընտրության հետ կապված որևէ հստակ զարգացման բացակայության պարագայում չի վերադառնա Ստամբուլ: