
Թուրքիայի քրդամետ կուսակցության պատգամավորը կալանավորվել է

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Բեսիմե Քոնջան կալանավորվել է: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Նա ձերբակալվել էր մայիսի 29-ին Բաթմանի օդանավակայանում: Պատգամավորը մեղադրվում է «զինված հանցախմբի անդամ լինելու» և «ահաբեկչական խմբավորման քարոզչություն անելու» մեջ:
Քոնջան ձերբակալվել էր նաև 2016 թվականի դեկտեմբերին, սակայն դատարանը մայիսի 3ին նրան ազատ էր արձակել: Նրա կալանավորմամբ քրդամետ կուսակցության կալանավորված պատգամավորների թիվը հասավ 11-ի:
Նրանց շարքում է նաև կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը: Կուսակցության մյուս համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը և պատգամավոր Նուրսել Այդողանը զրկվել են պատգամավորական մանդատից: