Սամվել Ալեքսանյանը Երևանում «Դալմային» և «Երևան» մոլին գերազանցող մոլ է կառուցել. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը Երևան քաղաքի ամենամեծ մոլն է կառուցել: Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս հոլդինգ» ընկերությունը շուտով Նոր Նորք վարչական շրջանում կբացի «Մեգա Մոլ Մասիվ» անունը կրող առեւտրի եւ ժամանցի համալիրը: Այն իր մեծությամբ շրջանցում է «Դալմա» և «Երևան» մոլերին:
Նոր մոլի կառուցումը սկսվել էր 2 տարի առաջ, երբ հողին հավասարեցվեց «Մասիվի շուկան»: Նախկինում այդ շուկայում կար ծածկած շուկա, որտեղ միրգ, բանջարեղեն և մսամթերք էր վաճառվում: Սամվել Ալեքսանյանի կողմից հողին հավասարեցվեց այդ շուկան իր հարակից վաճառակետերով հանդերձ: Գյուղացիները մինչ վերավաճառողներին իրենց մթերքը հանձնելը հնարավորություն ունեին ինքնուրույն իրացնել մթերքը, սակայն Ալեքսանյանի մոլի կառուցման ժամանակ կամաց-կամաց նրանք դուրս հրավիրվեցին շուկային հարող տարածքներից, որից հետո առհասարակ զրկվեցին իրացման հնարավորությունից: Շինարարության ընթացքում, երբ մոլի մի քանի հարկը կառուցվել էր, միայն վերավաճառողներին հնարավորություն տրվեց կիսակառույց շենքում փոշու և շինարարական աղբի հետ զուգահեռ մթերքի վաճառք կազմակերպել:
«Մեգա Մոլ Մասիվ»-ը տեղակայված է Սաֆարյան փողոցին և Գայի Պողոտային հարող հատվածում, որտեղ կա նաևւ «Երևան Սիթի» սուպերմարկետը: Մեզ հայտնի դարձավ, որ մոլի բացումից առաջ այդ սուպերմարկետը կտեղափոխվի հենց մոլի մեջ, քանի որ սուպերմարկետի տարածքը Սամվել Ալեքսանյանին չի պատկանում, իսկ սուպերմարկետը կվերածվի արդեն հիպերմարկետի: Մոլում կտեղակայվի նաև Ալեքսանյանին պատկանող «Վեգա» կենցաղային տեխնիկայի խանութը: Նոր մոլի տարածքը 52.700 քառակուսի մետր է: Գայի պողոտայից մոլը երկհարկանի է երեւում, սակայն այն 6 հարկ ունի, առաջին երկու հարկերում ընդհանուր տարածքից առանձնացվել և ավտոյականատեղի է կառուցվել:
Մոլում նաև կլինի սառցադաշտ, պարահրապարակ, կանանց և տղամարդկանց համար նախատեսված առանձին մարզասրահներ, ատրակցիոններ, սննդի և սպասարկման կետեր, կարտինգի հրապարակ, կինոթատրոն և այլն: Ի դեպ, միրգ-բանջարեղենի համար նախատեսվել է ամբողջ մոլի տարածքի 10 տոկոսի չափով տարածք, այսպես եղավ նաև Երևանի Մաշտոցի պողոտայում տեղակայված Փակ շուկայի վերակառուցումից հետո»:
Լուսանկարը՝ armtimes.com-ի։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։