Աչքերի անվճար վիրահատություն. ովքեր կարող են դիմել

Ապրիլի 1-ից մեկնարկել է «Առողջ աչքեր» ՀՀ առողջապահության նախարարության ծրագիրը, որն այսուհետ ավելի մեծ շահառուների է սպասարկելու։

Ծրագրի շրջանակում բոլոր կենսաթոշակառուների, «Փարոս» ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկվածների և հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար աչքի կատարակտի վիրահատությունները, ներառյալ` ոսպնյակի արժեքը, կլինեն անվճար։

«Տնտեսված գումարների հաշվին ևս մեկ ծառայություն հասանելի է դառնում մեր բնակչության համար։ Կատարակտի վիրահատությունը մինչև օրս կատարվում է վճարովի կամ համավճարային հիմունքներով։ Նույնիսկ պետական պատվերի շրջանակում վիրահատվողները ստիպված են լինում վճարել ոսպնյակի գինը, որը ոչ բոլորի համար է մատչելի»,-ասաց առողջապահության թիվ մեկ կազմակերպիչը։

2017թ. փետրվարից հանրապետության մարզերում «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպության կողմից մեկնարկած «Բաց դռների» արդյունքում ավելի քան 13 հազար բնակչի 20%-ի մոտ ախտորոշվել են աչքի հիվանդություններ, որոնց գերակշիռ մասը` կատարակտ։ Հենց այս բարձր ցուցանիշները հիմք ունենալով՝ նախարարությունը ընդլայնում է ծրագրի հնարավորությունները:

Նախարարը ընդգծելով ծրագրի սոցիալական կարևորությունը` նշել է, որ ծրագրի նպատակն է ընդգրկել նաև աշխատող այն քաղաքացիներին, ովքեր վճարունակ չլինելով դատապարտված են կուրանալու։

«Երիտասարդ ակնաբույժների ասոցիացիա» ՀԿ-ի հետ ստորագրված Հուշագրով մեկնարկող կուրության կանխարգելման ծրագրի շրջանակում առողջապահության նախարարությունը կհատկացնի ֆինանսական միջոցներ, իսկ հասարակական կազմակերպությունը ոսպնյակներ կտրամադրի արտոնյալ պայմաններով և կվերահսկի մարզերում կատարվող վիրահատությունների որակը։

Առաջիկայում «Առողջ աչքեր» ծրագրին կմիանա նաև Հայկական ակնաբուժության նախագիծը։

Նշենք, որ ծրագրի առաջին փուլում վիրահատությունները կկատարվեն Լոռու մարզի Սպիտակի բժշկական և Գեղարքունիքի մարզի Սևանի «Լայոնս» մարզային ակնաբուժական հիմնադրամ կենտրոններում: Երկրորդ փուլում ծրագիրը կընդլայնվի` ընդգրկելով մյուս բոլոր մարզերի և Երևանի քաղաքացիներին։

dialogue.am

 

Տեսանյութեր

Լրահոս