Մանչեսթրյան մեծ վազքարշավի տասնյակ հազարավոր մասնակիցներ հարգել են ահաբեկչության զոհերի հիշատակը
Անգլիայի Մանչեսթր քաղաքում անցկացվել է 10 կիլոմետր երկարությամբ Մանչեսթրյան վազքարշավը՝ առաջին խոշոր զանգվածային միջոցառումը մայիսի 22-ին քաղաքում իրականացված ահաբեկչական գործողությունից հետո, որը 22 մարդու կյանք խլեց։
Մրցմանը մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք մեկ րոպե լռությամբ հարգել են ահաբեկչության զոհերի հիշատակը: Ամենահուզիչ պահերից մեկը, որն օվացիա առաջացրեց հավաքված հանրության շրջանում, դարձավ Լոնգֆել գրական կեղծանվամբ տեղի հայտնի բանաստեղծ Թոնի Ուոլշեմի կողմից Do Something բանաստեղծության ընթերցումը, որը քաղաքացիներին ոգեշնչում էր լիարժեք կյանքով
ապրել ողբերգությունից հետո:
Այդ մրցումը, իշխանությունների մտահղացմամբ, կոչված է անգլիական քաղաքը ողբերգությունից հետո վերադարձնել լիարժեք կյանքի: Բրիտանական իշխանությունները հատուկ ուշադրություն են դարձրել վազքարշավի մասնակիցների անվտանգության ապահովմանը, որի երթուղին ավանդաբար անցնում էր Մանչեսթրի կենտրոնական փողոցներով:
Պայթյունը «Մանչեսթր-Արենա» փակ մարզադաշտում լույս մայիսի 23-ի գիշերը որոտացել է ամերիկացի փոփերգչուհի Արիանա Գրանդեի ելույթի ավարտից անմիջապես հետո: Պայթուցիկ սարքը գործի է դրվել համերգասրահից դուրս՝ ճեմասրահում: Լիբիական ծագում ունեցող 22-ամյա բրիտանացի մահապարտահաբեկչի՝ Սալման Աբեդիի կողմից իրականացված ահաբեկչական գործողության զոհ էդարձել 22 մարդ, 75-ը վերքեր են ստացել: Վերջին տվյալների համաձայն, 66 մարդ մնում են հիվանդանոցներում, նրանցից 23-ը ծանր վիճակում գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: