
«Մոսկվան և Վաշինգտոնն ավելի են ուժեղանում, երբ միմյանց հասկանում են». ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպան

Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի փոխըմբռնումն անհրաժեշտ է գլոբալ խնդիրները լուծելու համար: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Թեւֆթը՝ հանդես գալով «Դիալոգ ՖորտՌոս» համաժողովի շրջանակներում։
«Հստակ է մեկ բան՝ մենք ավելի ուժեղ ենք դառնում, երբ միմյանց հասկանում ենք եւ տեսնում ենք ոչ միայն տարաձայնությունները, այլեւ այն, ինչը մեզ միավորում է, ասել է դեսպանը:Երբ համաշխարհային տնտեսությունը զարգանում է չտեսնված տեմպերով, գլոբալ խնդիրների լուծման հարցում խաղադրույքները բարձր են ինչպես երբեք. նման
համագործակցությունն ու ըմբռնումը առանձնակի կարեւորություն են ձեռք բերում»:
Դիվանագետը շնորհակալություն է հայտնել համաժողովի կազմակերպիչներին՝ վստահություն հայտնելով, որ թանգարանների գործընկերությունը եւ մարդկանց միջեւ նման քննարկումները «թույլ են տալիս կամուջներ գցել ռուս եւ ամերիկացի ժողովուրդների միջեւ»:
«Դիալոգ ՖորտՌոս» համաժողովն այս տարի առաջին անգամ մայիսի 29-30-ին անցկացվում է Ռուսաստանի տարածքում՝ Պսկովում եւ Իզբորսկում: Համաժողովի առաջին օրը քննարկումները նվիրված կլինեն երկու երկրների մշակութային կապերի պահպանման հարցերին, երկրորդ օրը մասնակիցները կքննարկեն երկու պետությունների փոխգործակցության ներուժը էներգետիկայի բնագավառում եւ քաղաքական հարցեր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: