«Ես լիովին վստահում եմ նրան». Թրամփը՝ իր խորհրդական փեսայի մասին
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լիովին վստահում է իր ավագ խորհրդական եւ փեսա Ջարեդ Քուշներին, որին մեղադրում են ՌԴ-ի ներկայացուցիչների հետ ոչ պատշաճ կապերի մեջ: Միացյալ Նահանգների ղեկավարը դա ընդգծել է իր հայտարարության մեջ, որը տարածել է The New York Times թերթը։
«Ջարեդը գերազանց աշխատանք է կատարում երկրի համար, հայտարարել է Թրամփը: Ես լիովին վստահում եմ նրան: Նրան հարգում են բառացիորեն բոլորը, նա աշխատում է այն ծրագրերի վրա, որոնք միլիարդավոր դոլարներ կտնտեսեն մեր երկրի համար»:
«Ի լրումն դրա, ինչը, թերեւս, առավել կարեւոր է, նա շատ լավ մարդ է»,-հավելել է ԱՄՆ-ի նախագահը: Մայիսի 26-ին The Washington Post թերթը հայտնել էր, թե Քուշներն անցյալ տարվա վերջին Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ քննարկել է դիվանագիտական պաշտպանված կապուղու օգտագործման հնարավորությունը, որպեսզի Թրամփի շրջապատը կարողանա շփումներ պահպանել Մոսկվայի հետ՝ երկյուղ չկրելով Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունների կողմից գաղտնալսումից:
Մի շարք կոնգրեսականներ այս առնչությամբ պարզաբանումներ են պահանջել Քուշներից, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: