Փորձագետները նշել են WannaCry վիրուսի հնարավոր ստեղծողներին
Կիբեռանվտանգության մասնագետները պարզել են, որ WannaCry շորթիչվիրուսի ստեղծողները կարող են լինել Հարավային Չինաստանից, Հոնկոնգից, Թայվանից կամ Սինգապուրից: Այս մասին հայտնել է South China Morning Post թերթը։
Թերթի տվյալներով՝ Միացյալ Նահանգների Flashpoint ընկերության փորձագետները կատարել են վիրուսի կոդի լեզվաբանական վերլուծություն, որը ցույց է տվել, որ դրա ստեղծողը չինարենի հարավային բարբառի կրող է: Նախնական կոդում օգտագործված տերմիններից մեկը բնորոշ է
Չինաստանի հարավային մարզերի, ինչպես նաեւ Հոնկոնգի, Թայվանի եւ Սինգապուրի համար, նշում են հետազոտողները: Նրանց նաեւ հաջողվել է պարզել, որ սկզբնապես կոդը գրվել է չինարեն, իսկ այնուհետեւ թարգմանվել անգլերեն:
Ավելի վաղ ԱՄՆ-ի Symantec ընկերությունը, որն զբաղվում է հակավիրուսային ծրագրային ապահովման մշակմամբ, հայտարարել է, որ WannaCry վիրուսի ստեղծման հետ կարող են առնչություն ունենալ հյուսիսկորեացի ցանցահենները:
Մայիսի 12-ին անհայտ ցանցահենները փորձել են 74 երկրներում գրոհել Windows գործառական համակարգով համակարգիչների վրա: Ամբողջ աշխարհում 45 հազար կիբեռհարձակում է կատարվել ծածկագրիչվիրուսի օգտագործմամբ, ընդ որում ամենամեծ թվով վարակումների փորձեր գրանցվել են Ռուսաստանում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: