Բաժիններ՝

ԿԺԴՀ-­ն բալիստիկ հրթիռի երրորդ արձակումն է իրականացրել երկու շաբաթվա ընթացքում

Հյուսիսային Կորեան տեղական ժամանակով մայիսի 29­-ի առավոտյան կատարել է վերջին երկու շաբաթվա ընթացքում բալիստիկ հրթիռի երրորդ արձակումը, նախորդ երկուսը տեղի են ունեցել մայիսի 14-­ին և 21­-ին։

Արձակումն իրականացվել է ԿԺԴՀ-­ի արևելյան ափի Վոնսան քաղաքի շրջանից: Ճապոնիայի և ԱՄՆ-­ի պաշտոնատար անձանց տվյալներով՝ հրթիռի թռիչքը շարունակվել է վեց րոպե, այն անցել է 450 կիլոմետր և ընկել Ճապոնական ծովը՝ Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտում՝ Սիմանեի պրեֆեկտուրայի Օկի կղզիներից 300 կիլոմետր և Նիգատայի պրեֆեկտուրայի Սադո կղզուց 500 կիլոմետր հեռավորության վրա: Հրթիռի թռիչքի բարձրությունը կազմել է 100 կիլոմետր: Ճապոնիայի և Հարավային Կորեայի զինվորականները կարծում են, որ կատարվել է «Սքադ» տիպի միջին հեռահարության հրթիռի արձակում:

Հերթական արձակմանը Հարավային Կորեայի և Ճապոնիայի արձագանքը հետևել է անհապաղ: Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հրավիրել է երկրի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ և խոստացել է «ԱՄՆ-­ի հետ մեկտեղ ձեռնարկել կոնկրետ քայլեր Հյուսիսային Կորեային զսպելու համար»: Արտաքին գործերի նախարար Ֆումիո Կիսիդան լրագրողներին հայտնել է, որ Ճապոնիան արդեն սկսել է ԱՄՆ-­ի և
Հարավային Կորեայի հետ փոխգործակցությունը ՄԱԿ­ի Անվտանգության խորհրդում: Նա հավելել է, որ ԿԺԴՀ-­ի շուրջն իրադրությունն ինքը կքննարկի ՉԺՀ-­ի Պետխորհրդի անդամ, արտաքին գործերի պատասխանատու Յան Ցզեչիի հետ, որը մայիսի 29­ին այցով ժամանում է Տոկիո:

Հարավային Կորեայի արտգործնախարարությունը դատապարտել է արձակումն, այն որակելով «ՄԱԿ­-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի բացահայտ խախտում», և խոստացել է «խիստ միջոցներ» ձեռնարկել Հյուսիսի դեմ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս