Բաժիններ՝

Եթե յուրաքանչյուրն անի իր բաժին բարությունը, աշխարհը կխաղաղվի

«Կանա» քրիստոնեական, կրթական կենտրոնի հարցազրույցը դերասան, ռեժիսոր Նարբե Պողոսյանի հետ:

-Ինչպիսի՞ն պետք է լինի քրիստոնյան:

-Ինձ համար կարևոր է մարդու տեսակը: Քրիստոնյա լինելը միայն ասելով չէ: Երբ ասում ենք, թե մենք առաջին քրիստոնյա երկիրն ենք, ինչո՞վ ենք դա ապացուցում, կամ ինչպե՞ս ենք տարբերվում այն երկրներից, որոնք հետո են քրիստոնեություն ընդունել:

-Նշեցիք, որ ձեզ համար ամենակարևորը մարդու տեսակն է: Իսկ տարբերվում են արդյո՞ք քրիստոնյան և մուսուլմանը:

-Հենց բարություն գործելով և ուղղակի բարի լինելով պետք է տարբերվի քրիստոնյան: Իհարկե, մուսուլմանը ևս բարություն պետք է անի: Բայց եկեք մենք՝ քրիստոնյաներս, ավելի բարություն շատ անենք, որ հպարտանանք և ասենք, թե քրիստոնյա ենք: Եթե յուրաքանչյուրն անի իր բաժին բարությունը, աշխարհը կխաղաղվի:

-Դուք եղել եք տարբեր երկրներում, այնտեղ ապրող հայերի շրջանում կրոնի տեսանկյունից նահանջ նկատե՞լ եք:

-Ես իմ նշած սկզբունքների պակասը տեսնում եմ և Հայաստանում և այլ տեղերում: Մարդկանց տեսակը փոխելը թերևս դարի թելադրանքն է:

-Իսկ ըստ ձեզ ի՞նչ կարող ենք անել այդ իրավիճակը փոխելու համար:

-Պետք է սկսել չնչին բաներից, յուրաքանչյուր մարդ պետք է սկսի իրենից: Իմ բոլոր ասածները ես ևս չեմ արել: Եվ հենց այսօր կնոջս առաջարկեցի վերցնել կարիքավոր մի ընտանիք և մեր հնարավորությունների սահմաններում օգնել: Մի փոքրիկ խաղալիքը մի երեխայի ժպիտ կարժենա:

-Այսինքն մեր զրուցի թեմա՞ն ձեզ դրդեց այդ քայլին:

-Այո, դուք պատճառ դարձաք, որ ես մտածեմ, և հենց այսօր սկսեմ ինձանից: Եվ խորհուրդ կտամ բոլորին, նաև՝ ձեր կենտրոնին: Վերցնենք մի ընտանիք, տեղեկացնենք մյուսներին, որ, օրինակ՝ այս օրը գնում ենք այդ ընտանիքին ժպիտ պարգևելու:

-Իսկ ձեր տանը քրիստոնեական դաստիրակությամբ ավելի շատ ո՞վ է զբաղվում:

-Կինս: Ես միշտ կոչ եմ անում այնպես անել, որ Հայաստան աշխարհը գոնե մեկ օր տարբերվի բոլորից: Այդ դեպքում ազատ կխոսենք մեր երկրի և քրիստոնեության մասին: Մենք պետք է բարի լինենք:

-Այսինքն, եթե քրիստոնյան բարի լինի, ամեն հարց կլուծվի՞:

-Իհարկե ոչ, մարդը կարող է բարի լինել, բայց քննադատել շրջապատում բոլորին: Եթե ես գնում եմ ինչ-որ մեկի տուն և նա իմ գնալուց հետո սկսում է ինձ քննադատել, դա ամենավատ բանն է:Մի կարևոր բան էլ կա. կան մարդիկ, ովքեր հավատավոր չեն, բայց ենթագիտակցորեն անում են այն ամենը, ինչը գրված է Աստվածաշնչում: Եվ իմ կարծիքով այդպիսի մարդկանց պետք է Աստվածաշունչը բացատրել և մեկնաբանել շատ մատչելի ձևով:

-Եկեղեցին պետք է մոտեցումը փոխի՞:

-Ինչու ոչ , կարելի է, դարը փոխվել է, ինչու չկազմակերպենք համապատասխան դասընթացներ: Ես միշտ լսում եմ, որ հայերը նախանձ են, բայց չկա այդպիսի բան. մարդկային տեսակն է այդպիսին, հայերը շատ լավն են, իսկ ովքեր նահանջ են ապրել, եկեղեցին պետք է տարբեր միջոցներ օգտագործի՝ նրանց դարձի բերելու համար: Պետք է նախապատվությունը տալ ավելի անմիջական շփմանը:
Նելլի Թառփոշյան

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս