Հայրիկները նորածին դուստրերին ավելի շատ են սիրում, քան որդիներին. գիտնականներ
Նորաթուխ հայրերի ուղեղի աշխատանքի դիտարկումները ցույց են տվել, որ երիտասարդ հայրիկներն իրոք ավելի շատ են սիրում եւ հոգ տանում դուստրերի մասին, քան որդիների, ինչը հեշտությամբ կարելի է տեսնել ուղեղի ակտիվության պատկերում: Այդ մասին հայտարարել են գիտնականները Behavioral Neuroscience հանդեսում հրապարակված հոդվածում:
«Երբ երեխան լալիս է կամ կանչում է հորը, դուստրերի հայրերը նրանց կանչին ավելի ուժեղ են արձագանքում, քան որդիների հայրերը: Մեզ խիստ անհրաժեշտ է հասկանալ, թե երեխայի սեռի վերաբերյալ չգիտակցված պատկերացումները ինչպես կարող են ազդել այն բանի վրա, թե ինչպես են նրա մասին ծնողները հոգ տանում նույնիսկ նրա կյանքի առաջին օրերին ու շաբաթներին»,-հայտարարել է Ատլանտայում Էմորի համալսարանից Ջենիֆեր Մասկարոն:
Վերջին տարիներին գիտնականներն սկսել են հատուկ ուշադրություն դարձնել այն բանի վրա, որ տղամարդկանց ու կանանց, ինչպես նաեւ էգերի ու արուների օրգանիզմը կարող է միանգամայն տարբեր կերպ արձագանքել զանազան գրգռիչների, այդ թվում՝ ցավին, հաճույքին կամ այլ ազդանշանների: Օրինակ՝ անցյալ տարի ամերիկացի կենսաբանները հայտնաբերել են, որ սթրեսին տղամարդկանց ու կանանց հակազդման տարբերությունները բացատրվում են տղամարդկանց օրգանիզմում հատուկ սպիտակուցի առկայությամբ, որը ճնշում է տագնապի ռեակցիան:
Մասկարոն եւ նրա գործընկերները բացահայտել են սեռերի կենսաբանական տարբերությունների եւս մեկ անսովոր դրսեւորում՝ ուսումնասիրելով այն, թե տղամարդկանց ուղեղն ինչպես է արձագանքում իրենց վերջերս ծնված դուստրերի եւ որդիների լացին: Դրա համար նրանք հավաքել են հինգ դյուժին կամավորների, որոնք վերջերս երեխա են ունեցել, եւ խնդրել են նրանց՝ կրել հատուկ սարք, որը գրանցում էր
նրանց բոլոր խոսակցությունները մի քանի օրվա ընթացքում:
Դրանից հետո նրանք կամավորներին՝ երեխաների հետ միասին, հրավիրել են իրենց լաբորատորիա եւ նրանց առաջարկել անվճար թեստ անցնել մագնիսառեզոնանսային տոմոգրաֆում: Դեպքերի մեծ մասում երեխան չէր դիմանում հորից բաժանմանը եւ սկսում էր լաց լինել, ինչը թույլ էր տալիս գիտնականներին՝ հետեւել, թե նրանք ինչպես էին արձագանքում նորածնի կանչերին: Առանձին դեպքրում գիտնականները լաբորատորիա էին բերում նաեւ ուրիշների երեխաների եւ հետեւում նրանց լացի նկատմամբ տղամարդկանց արձագանքին:
Բացի լացի նկատմամբ ավելի ուժեղ արձագանքից, որն արտացոլվում էր կամավորների ուղեղի աշխատանքում, գիտնականները կարողացել են գրանցել նաեւ այլ փոփոխություններ: Օրինակ, դուստրերի հայրերի ուղեղում ավելի ակտիվ էին այն հատվածները, որոնք պատասխանատու են հույզերի եւ արժեքների համար, իսկ որդիների հայրերի ուղեղում՝ այլ հատվածներ:
Բացի այդ, տարբերվել է այն խոսքերի ամբողջությունը, որոնք հայրերն օգտագործում էին երեխայի հետ շփվելիս: Դուստրերի հայրերն ավելի հաճախ օգտագործում էին բացասական հույզերի եւ մարմնի հետ կապված բառեր, իսկ որդիների ծնողները՝ այնպիսի բառեր, որոնք կապված են հաջողության ու զարգացման հետ, ինչպես նաեւ ավելի «վերլուծական» բառեր ու արտահայտություններ:
Ինչպես գտնում են գիտնականները, հայրերի ուղեղի աշխատանքի եւ վարքագծի այսօրինակ տարբերությունները կարող է բացատրել այն, թե ինչու են կանայք սովորաբար ավելի հուզական լինում եւ հակված կարեկցելու, քան տղամարդիկ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: