«Աշխատանքի մեթոդներն ու ոճը պետք է կատարելագործել և արդիականացնել ամեն օր». Սերժ Սարգսյան
Այսօր ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 26-րդ համատեղ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Հանրապետության Նախագահը շնորհավորել է բոլորին «Հայաստան» համահայկական հիմնադրամի 25-րդ տարեդարձի կապակցությամբ՝ այն նշանակալի հոբելյան համարելով Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնության համատեքստում:
«Հարգելի՛ գործընկերներ,
Շնորհավորում եմ բոլորիս «Հայաստան» համահայկական հիմնադրամի 25-րդ տարեդարձի կապակցությամբ: Դա նշանակալի հոբելյան է Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնության համատեքստում:
Հիմնադրամը շարունակում է իրականացնել իր բացառիկ առաքելությունը: Բեղմնավոր և նպատակային գործունեության շնորհիվ հիմնադրամը շարունակում է վայելել մեր ժողովրդի համակրանքն ու վստահությունը:
Հիմնադրամի 25 տեղական մարմինները գործում են աշխարհի 22 երկրներում: Ուշագրավ է հիմնադրամի ապաքաղաքական բնույթը, որը թույլ է տալիս մեկտեղել և միահյուսել մեր բոլորի գաղափարները, հնարավորությունները և միջոցները՝ համախմբելով և հզորացնելով Հայաստանը, Արցախը և սփյուռքը:
Անցած 25 տարիների ընթացքում իրականացված ծրագրերը և աշխատանքներն իսկապես տպավորիչ են թե՛ քանակով և թե՛ որակով:
Դրանց շարքում կարելի է առանձնացնել «Ձմեռ» մարդասիրական ծրագիրը, որի շրջանակներում հանգանակված միջոցները 1992-95 թվականներին ուղղվեցին կարևորագույն սոցիալական խնդիրների լուծման: Աղետի գոտում իրականացված բնակարանաշինության շնորհիվ 1988 թվականի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած բազմաթիվ ընտանիքներ ստացան նոր կացարաններ: Գորիսն ու Ստեփանակերտը, Արցախի հյուսիսն ու հարավը, Վարդենիսն ու Մարտակերտը իրար կապող ճանապարհների շինարարությունը թույլ է տալիս լուծել մեր ժողովրդի համար մի շարք կենսական և ռազմավարական բնույթի հրատապ հարցեր:
Վստահ եմ, որ ապագայում ևս «Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակելու է իր ազգանվեր գործունեությունը՝ ոգևորելով բոլորիս իր հաջողված ծրագրերով, եռանդուն քայլերով և հստակ արդյունքներով:
Այս գեղեցիկ առիթով որոշում է ընդունվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներին, վերստուգիչ հանձնաժողովի անդամներին և տեղական մարմինների ատենապետներին պարգևատրել հիմնադրամի 25-ամյակի հուշամեդալով:
Երեկ մենք ներկա եղանք հիմնադրամի գործունեությանը նվիրված ցուցահանդեսին, որտեղ ներկայացված էին կատարված աշխատանքների փայլուն դրվագներ: Ես տպավորված եմ իմ տեսածով և կարծում եմ, որ ինձ հետ միասին շատերն էին տպավորված:
Իսկապես, հայկական երկու պետությունների ներկայացուցիչները, սփյուռքի կառույցներն ու անհատները, մեծ ու փոքր նվիրատուները հսկայական գործունեություն են ծավալել անցած քառորդ դարի ընթացքում: Այդ աշխատանքների արդյունքները, իրոք, տեսանելի են:
Այսօր առիթ է, որ մենք շնորհակալություն և գոհունակություն հայտնենք նաև հիմնադրամի ղեկավարությանը և նվիրյալների այն թիմին, որ օր օրի աշխատում են տարբեր ծրագրերի իրականացման ուղղությամբ:
Իհարկե, այդ գոհունակությունը չի նշանակում բավարարվել եղածով:
Կյանքն առաջ է շարժվում և շարժվում է նոր, ավելի մեծ արագությամբ: Աշխատանքի մեթոդներն ու ոճը պետք է կատարելագործել և արդիականացնել ամեն օր: Հիմնադրամը պետք է միշտ լինի իր բարձրության վրա, այսինքն՝ լինի ժամանակակից, արդյունավետ և նպատակասլաց: Համոզված եմ, որ այդպիսին էլ լինելու է հաջորդ 25 տարիների ընթացքում»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը իր բացման խոսքում:
Օրակարգի շրջանակներում «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը ներկայացրել է 2016թ. կատարված աշխատանքների վերաբերյալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության հաշվետվությունը, որի ավարտին նիստի մասնակիցները դիտել են հիմնադրամի 2016թ. գործունեության մասին տեսաֆիլմը: Խորհուրդն ընդունել է հաշվետվությունը՝ ի գիտություն ընդունելով վերստուգիչ հանձնաժողովի և «Գրանթ Թորնթոն» աուդիտորական կազմակերպության ներկայացրած եզրակացությունը:
Նիստում քննարկված հաջորդ հարցը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մարաթոն-2017»-ի նպատակաուղղվածության մասին, զեկուցել է Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և տեղական մարմինների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց կարծիքներն ու առաջարկությունները: Քննարկումների արդյունքում որոշվել է, որ այս տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մարաթոն-2017»-ը նպատակաուղղված է լինելու Արցախի Հանրապետության տարածքում հիմնականում երկու ծրագրերի իրականացմանը՝ խորքային հորերի հորատմանն ու նոր ոռոգման ցանցի կառուցմանը և արևային էներգիայի կիրառմանը:
Նշելով, որ բոլորի համար էլ ակնհայտ են առաջարկված խնդիրների կարևորությունը և հրատապությունը` Հանրապետության Նախագահը վստահություն է հայտնել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը, ինչպես ամեն տարի, այս տարի ևս պատվով կկատարի իր հայրենանվեր առաքելությունը: Խորհուրդը հաստատել է հիմնադրամի «Մարաթոն-2017»-ի ծրագրերի իրականացման ուղղությունները: