«Թուրքիայի հայ համայնքն Արամ Աթեշյանի նկատմամբ համակրանք չունի». Բագրատ Էստուկյան

Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի` Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնից հրաժարականից հետո Ստամբուլում հայ  համայնքը սպասում է Գարեգին արքեպիսկոպոս  Բեքչյանի  վերադարձին: Ակնկալվում է, որ նա կվերադառնա Ստամբուլ և ստանձնի տեղապահի իր պաշտոնը: Այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ զրույցում նշեց «Ակոս» պարբերականի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը, ով Հայոց ցեղասպանության խնդիրը «Ակոս» թերթում մշտապես արծարծելու համար արժանացավ Նախագահի 2016 թվականի մրցանակին:

«Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հայտարարել է, որ պատրաստ է պատրիարքարանի ղեկը Գարեգին Բեքչյանին փոխանցելու: Մարտի 15-ին, երբ հայտնի եղան տեղապահի ընտրությունների արդյունքները, մենք սպասում էինք, որ Արամ Աթեշյանն այս քայլին կդիմեր: Նա նշում էր, որ պետությունը չի ճանաչում տեղապահի ընտրությունը, հետևաբար շարունակում էր մնալ իր աթոռին»,- ասաց նա:

Բագրատ Էստուկյանը չի կարծում, որ պատրիարքի ընտրության գործընթացը կձգձգվի: Ակնկալվում է, որ Ստամբուլ ժամանելուց հետո Գարեգին Բեքչյանի առաջին գործը պետք է լինի հանձնախումբ կազմելը: Դրա ձևավորումից հետո էլ պետք է հստակեցվեն թեկնածուները, այնուհետև կճշտվի ընտրատարածքների համապատասխան պատգամավորների թիվը:

«Սովորաբար ամեն եկեղեցի ընտրատարածք է համարվում, Ստամբուլում կան 30-ից ավելի եկեղեցիներ: Սեպուհ Չուլջյանը, Արամ Աթեշյանը, Գարեգին Բեքչյանը, Սահակ Մաշալյանը հավանական թեկնածուներ են. չեն բացառվում նոր դեմքեր»,-նշեց Բագրատ Էստուկյանն` ընդգծելով, որ հայ համայնքը Արամ Աթեշյանի նկատմամբ համակրանք չունի:  Առաջադրվելու դեպքում` Արամ Աթեշյանի ընտրվելու շանսերը շատ փոքր են:

Տեսանյութեր

Լրահոս