Բաժիններ՝

Լապշինի գործով հետաքննությունն ավարտվել է

Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով հետաքննությունն ավարտվել է: Այս մասին ադրբեջանական Trend-­ին հայտնել է նրա փաստաբան Էդուարդ Չերնինը:

Նրա խոսքով՝ մայիսի 30-­ին բլոգերին կներկայացվեն գործի նյութերը, այնուհետև դրանք կներկայացվեն դատարանի ուսումնասիրմանը: Չերնինը մայիսի 26­-ին քննչական մեկուսարանի բուժկետում հանդիպել է իր պաշտպանյալի հետ: Փաստաբանի համոզմամբ՝ Լապշինի բուժումը շարունակվում է, նա իրեն լավ է զգում:

Լապշինի կինը՝ Եկատերինան, պարբերաբար իր մտահոգություններն է հայտնել ամուսնու առողջական վիճակի մասին՝ ընդգծելով, որ ադրբեջանական լրատվամիջոցները սխալ տեղեկատվություն են տարածում՝ ասելով, թե նա իրեն նորմալ է զգում: Եկատերինան հայտնել է, որ բանտարկվելուց հետո Լապշինի մոտ սկսվել է տախիկարդիա և նյարդացավ:

Բացի այդ, նա ցավեր ունի գոտկատեղի հատվածում և ոտքում, ինչի հետևանքով դժվարությամբ է տեղաշարժվում: Եկատերինան ահազանգել է, որ նման առողջական վիճակ ունեցող մարդուն պետք է լուրջ բուժզննման ուղարկել հիվանդանոց, այլ ոչ թե բուժել մեկուսարանի բուժկետում:

Բելառուսի Գերագույն դատարանը 2017 թվականի փետրվարի 7­-ին մերժել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվեր Ադրբեջան: Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել է Մինսկից Բաքու ` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:

Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5­-8 տարվա ազատազրկում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս