Որոշ դպրոցներում մի քանի տասնյակ տեսախցիկներ են հայտնաբերվել, այդ թվում` ուսուցչանոցում. ում են հսկում. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Պարզվում է Երեւանում կան դպրոցներ, որտեղ տեղադրված տեսախցիկները տասնյակներով են հաշվվում: Ընդ որում, երբեմն դրանք նախատեսված են եղել նաեւ դասասենյակներն ու ուսուցչանոցները հսկելու համար:
ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից մեր խնդրանքով տրամադրվեց այն դպրոցների ցանկը, որոնց հետ կապված վարույթ է հարուցվել եւ իրականացվել են համապատասխան ուսումնասիրություններ:
Այդպիսի հաստատությունների թիվը 20-նն է եւ դրանք բոլորը գործում են մայրաքաղաքում:
Նշված գործակալության վարչական վարույթների իրականացման բաժնի պետ Գեւորգ Հայրապետյանը տեղեկացրեց, որ դպրոցներից մի քանիսի դեպքում գործը կարճվել է, մյուսների դեպքում արձանագրվել է համաչափության սկզբունքի խախտում:
Այսինքն` օրինակ հաստատությունում չեն կարողացել հիմնավորել, որ եթե դասասենյակներում տեղադրված տեսանկարահանող սարքի գոյության նպատակն է գույքն ու նյութերը պաշտպանելը, ապա ինչու են սարքի տեսադաշտում ամբողջ դասարանն ու երեխաները:
Առավել մեծ թվով տեսախցիկներ, ըստ բաժնի պետի տրամադրած տվյալների, առկա է եղել հետեւյալ հանրակրթական հաստատություններում` համար 89 դպրոցում` 23 տեսախցիկ, համար 90-ում` 22, համար 162-ում` 26 տեսախցիկ: Ուշագրավ է, որ բոլոր այս դպրոցները գտնվում են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում:
Ուսուցչանոցում տեսախցիկ է եղել համար 11 եւ 188 հանրակրթական հաստատություններում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: