Բաժիններ՝

«Մեր ապագան մեզնից է կախված, և մենք կարող ենք ազդել նրա վրա». Ռուբեն Վարդանյան

Պատմությունը դեժավյուի նման կրկնվում է մեզ՝ հայերիս համար։ Մատենադարանում 2017թ. «Ավրորա» մարդասիրության ցուցիչի նոր միջազգային հետազոտության արդյունքների հրապարակման ժամանակ այս մասին ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և UWC Dilijan միջազգային դպրոցի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը։

Մինչ հետազոտության արդյունքների մասին խոսելը՝ Վարդանյանը նշեց, որ միջոցառման անցկացման վայրը պատահական չի ընտրվել. «Մենք շատ ուրախ ենք, որ արդեն երկրորդ տարին է՝ մենք շարունակաբար Հայաստանում անց ենք կացնում այս միջոցառումը Մատենադարանում, որն ընտրել ենք միտումնավոր, քանի որ այն եզակի օրինակ է հայերի ժառանգության։ Այստեղ ոչ միայն պահում ենք գրքեր Հայաստանի պատմության, այլև համաշխարհային պատմության մասին, և այս ժառանգությունը մեծ պատասխանատվություն է մեզ համար։ Մենք պետք է ոչ միայն պահպանենք, փրկենք այն, այլև ճիշտ օգտագործենք՝ վերադարձնելով աշխարհին, սովորելով և հասկանալով, թե ինչ է տեղի ունեցել, ինչ է տեղի ունենում հիմա և ինչ ակնկալել ապագայում»։

Նա հիշեց, որ 2014թ. ընկերներով մտածում էին՝ ինչքան կարևոր կլինի անել մի բան, որն օգտակար կլինի ոչ միայն հայ ազգի, այլև աշխարհի համար, և կյանքի կոչեցին «Ավրորան».

«Այս տարի 65 երկրից 254 պատմություն է ներկայացվել, որոնք ապշեցուցիչ պատմություններ են այն մասին, թե մարդիկ ինչ բարի գործեր են արել իրենց կյանքում։ Մենք փորձում ենք ստեղծել նոր վերաբերմունք մեր շուրջը կատարվածի հանդեպ։ Շատ կարևոր է ցույց տալ ոչ միայն այս մրցանակը, այլև այն գործիքները, որոնք լուրջ դեր կարող են խաղալ աշխարհը դեպի լավը փոխելու համար»։

Վարդանյանի նշած գործիքներից մեկը մարդասիրության ցուցիչն է,  որը, ըստ այս տարվա հետազոտության՝ անկման փուլում է։ Հանրային կարծիքի հետազոտությունը, որին մասնակցել է 6500 հոգի՝ 12 երկրից, փաստում է, որ հարցվածների ընդամենը 9 տոկոսն է հավատում, որ իրենց գործունեությունը կարող է փոփոխություններ բերել փախստականների համաշխարհային ճգնաժամի լուծման հարցում։ Արդեն երկրորդ տարին է, ինչ ահաբեկչությունը նշվում է՝ որպես առաջնային հումանիտար խնդիր։ Դրան հետևում են հարուստների և աղքատների միջև խորացող անջրպետը, սովը, կլիմայական փոփոխությունները և պարտադրված միգրացիան։

«Չնայած՝ մեր մարդասիրական ցուցիչը շատ դրական արդյունքներ ցույց չի տվել, մարդիկ վստահության պակաս ունեն հաստատությունների հանդեպ, փոփոխություններին չեն հավատում, այդուհանդերձ մենք լավատես ենք։ Չնայած ամբողջ նեգատիվին, մեր շուրջը տեղի ունեցող բացասական երևույթներին, մեր ապագան մեզնից է կախված, և մենք կարող ենք ազդել նրա վրա»,- լավատեսորեն ասում է Վարդանյանը։

«Մենք իսկապես տեսնում ենք՝ ինչպես են մարդիկ արձագանքում. Չնայած  Հայաստանում եղած դժվարություններին, չնայած նրան, որ Հայաստանը դրախտավայր չէ ապրելու համար, բայց այստեղ դրական էներգիայով են կիսվում աշխարհի տարբեր երկրներից եկած մարդկանց հետ։ Միայն մեր պրոբլեմների մեջ չենք եփվում, այլ շփվում ենք աշխարհի հետ»,- եզրափակեց նա։

Բրյուսելի համալսարանի պրոֆեսոր Դըրք Յակոբսն էլ իր խոսքում նշեց, որ տվյալները պետք է ընկալել՝ ոչ որպես շատ հուսադրող կամ հոռետեսական, քանի որ, ըստ նրա՝ կան նաև շատ մարդիկ, որոնք պատրաստակամ են օգնել և որոնք օգնել են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս