Բաժիններ՝

ՏՏ համաշխարհային համաժողովից՝ համահայկական ներուժի ցանց. «ԴիջիԹեք» բիզնես-ֆորումի մարտահրավերները

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «ԴիջիԹեք» ամենամյա բիզնես-ֆորումն այս տարի տեղի կունենա հունիսի 9-ին և 10-ին: Սա արդեն թվով 10-րդ հոբելյանական ֆորումն է, որ անցկացվում է Հայաստանում:

Բիզնես-ֆորումն ունի «Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար» խորագիրը:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունում նշում են, որ երկօրյա ֆորումը Հայաստանում անցկացվող B2B ֆորմատի կարևորագույն միջոցառումներից է: Այն արդյունավետ հարթակ է ՏՏ ոլորտի և բիզնեսի այլ ճյուղերի երկխոսության համար: Միջոցառման նպատակն է՝ նպաստել տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդրմանը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում:

«ԴիջիԹեք» բիզնես ֆորումի կազմակերպիչ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը և գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը լրագրողներին ներկայացրել են 10-րդ հոբելյանական «ԴիջիԹեք» բիզնես ֆորումի առանցքային թեմաներն ու մարտահրավերները:

Կարդացեք նաև

2016-ին Բիզնես ֆորումին ներգրավված են եղել 900-1000 մասնակից: Այս տարի ակնկալվում է առավել ակտիվ մասնակցություն:

ԻՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը նշում է, որ «ԴիջիԹեք» բիզնես ֆորումն այս տարի կազդարարի 2019 թվականին Երևանում կայանալիք ՏՏ համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technologies – WCIT) նախապատրաստական աշխատանքների մեկնարկը:

Ֆորումի օրերիին Հայաստան կժամանեն Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (World Information Technology and Services Alliance -WITSA) նախագահն ու քարտուղարը։

2019 թվականին Հայաստան կժամանեն շուրջ 2000 գործարարներ, ում, Ալեքսանդր Եսայանի խոսքով՝ ցուցադրվելու է հայկական ՏՏ-ի ուժը:

ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն ընդգծեց, որ ինչպես անցյալ տարի, այս տարի նույնպես Բիզնես ֆորումի շրջանակում կշարունակվեն ռազմաարդյունաբերության վերաբերյալ մասնագիտական քննարկումները:

Բիզնես ֆորումի օրակարգային թեմաներն են.

  • Երևանում 2019 թ.-ին ՏՏ համաշխարհային համաժողովի (WCIT) կազմակերպչական աշխատանքների պաշտոնական մեկնարկ
  • ՏՏ լուծումներ` Հայաստանում տուրիզմը խթանելու նպատակով
  • ՓՄՁ-ների գործունեության արդյունավետության բարձրացում ՏՏ լուծումների միջոցով
  • Տեխնոլոգիական ոլորտի և ՀՀ ԶՈւ համագործակցության խնդիրներ և ձևաչափեր
  • Տեխնոլոգիական լուծումներ բիզնեսի համար
  • Հայմեփ. համահայկական ներուժի ցանց
  • Վերականգնվող էներգիա և բնապահպանություն
  • Պետական համակարգերի կառավարում
  • Արհեստական ինտելեկտի զարգացումը Հայաստանում և կիրառումը բիզնեսում

Նշենք նաև, որ «ԴիջիԹեք» Բիզնես ֆորումը 2008 թվականից իրականացվում է ԻՏՁՄ-ի կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Այս տարի Բիզնես ֆորումի գործընկերն է Microsoft ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս