Ռուս-թուրքական մերձեցում՝ ընդդեմ Արևմուտքի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, խախտելով ԱՄՆ նախորդ նախագահների կողմից ձևավորված ավանդույթը, առաջին պաշտոնական այցը կատարեց ոչ թե հարևան երկրներ, այլ Մերձավոր Արևելք։ Այցի ընթացքում տեղի ունեցավ արաբա-իսլամա-ամերիկյան գագաթաժողով, որին մասնակցում էին 55 արաբական և մուսուլմանական երկրների առաջնորդներ և բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ գագաթաժողովը նպատակ էր հետապնդում հիմնականում սուննիական ուղղվածության երկրներին միավորել մեկ ընդհանուր գաղափարի շուրջ՝ ընդդեմ ահաբեկչական սպառնալիքի։
Հատկանշական է, որ գագաթաժողովն անցկացվեց Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում, որը թշնամական հարաբերություններ ունի Իրանի հետ, և որտեղ նախորդ տարի մահապատժի ենթարկեցին շիա 56-ամյա ազդեցիկ հոգևորական Նիմր ալ-Նիմրին։
Սակայն հայտարարություններից արդեն պարզ է դառնում, թե իրականում ինչ նպատակ ուներ գագաթաժողովը։ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը հայտարարել է․ «Իրանի ռեժիմը համաշխարհային ահաբեկչության առաջամարտիկն է»: Հետաքրքիր էին նաև Թրամփի կողմից հայտարարված թիրախները՝ Իրան և նրա տարածաշրջանային դաշնակիցներ՝ լիբանանյան «Հիզբալլահ», պաղեստինյան «Համաս»։
Արաբագետ Արմեն Պետրոսյանի կարծիքով՝ սա ոչ միայն Իրանի մեկուսացմանն ուղղված այց էր, այլ նաև Թուրքիան է մեկուսացվում, քանի որ Սաուդյան Արաբիայի լիդերության ակնհայտ ընդգծմամբ՝ փաստացիորեն նշվում է, որ սուննիական աշխարհում ԱՄՆ-ի հիմնական գործընկերը Սաուդյան Արաբիան է։ Այս ամենը, ըստ Պետրոսյանի՝ կարող է հանգեցնել Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների էլ ավելի մերձեցման։
«168 Ժամն» Արմեն Պետրոսյանից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է, որ Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի մասնակցությամբ դաշինք ձևավորվի՝ ընդդեմ արաբական երկրների և ԱՄՆ-ի։
«Դաշինք չէի ասի, որովհետև երեք երկրի միջև առկա են և՛ տարաձայնություններ, և՛ մրցակցություն, բայց տարբեր ոլորտներում տարբեր երկրների հետ կապված ավելի սերտ համագործակցությունը չի կարելի բացառել։ Սիրիայի հարցում, քրդական գործոնի հետ կապված որոշ գործողություններում, տնտեսական ոլորտում այդ երկրների միջև հնարավոր է համագործակցություն։
Մեր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում, ևս հնարավոր է ավելի սերտ համագործակցություն։ Անգամ արցախյան հակամարտության շրջանակներում գուցե կողմերի տեսակետների ավելի մերձեցման ականատես լինենք։ Այսինքն՝ որքան շարունակվի Թուրքիայի մեկուսացումը կամ շարունակվի Թուրքիա-Արևմուտք լարվածությունը, նույն տրամագծով մենք ականատես կլինենք Թուրքիայի և Ռուսաստանի մերձեցմանը»,- պարզաբանեց մեր զրուցակիցը։
Այս ամենից զատ, ԱՄՆ-ը շարունակում է ակտիվ զինել Սիրիայի քրդական ուժերին և օրերս զենք-զինամթերքի հերթական խմբաքանակն է ուղարկել նրանց։ Թուրքական «Karar» լրատվամիջոցը՝ հղում անելով «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) աղբյուրներին՝ գրում է, որ քրդական զորքերը պետք է մասնակցեն «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունից Սիրիայի Ռաքքա քաղաքի ազատագրմանը:
Արաբագետի կարծիքով՝ սա հերթական անգամ փաստում է այն իրողությունը, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև առկա են լուրջ տարաձայնություններ. «Հատկապես սիրիական հակամարտության հետ կապված՝ ակնհայտ է, որ ԱՄՆ-ը ընտրել է՝ ցամաքում քրդերի հետ համագործակցության ուղին, և այս խմբաքանակի առաքումը ցույց է տալիս, որ քրդական գործոնն ավելի ազդեցիկ է դառնալու սիրական հակամարտության շրջանակներում։
Դա ընդլայնում է քրդերի հնարավորություններն իրենց հետագա հավակնություններում։ Սիրիական հակամարտության հանգուցալուծման կամ խորացման պարագայում սրվելու են մի կողմից՝ քրդերի և Թուրքիայի հարաբերությունները, մյուս կողմից՝ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները։ Ներկայիս Սիրիայում և նույնիսկ ապագա Սիրիայում քրդական գործոնի ազդեցությունն անտեսելն այլևս անհնար կլինի, ինչը վնասում է հենց Թուրքիայի շահերին»։
Ինչ վերաբերում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Գյումրու ռազմաբազան ԻԼԻՊ-ի դեմ պայքարում օգտագործելու մասին հայտարարությանը, նա ասաց, որ դա ավելի շատ քաղաքական հայտարարություն էր՝ ընդգծելու համար Ռուսաստանի հնարավորությունները մերձավորարևելյան գործընթացներին ուղղակի մասնակցություն ունենալու տեսանկյունից. «Ես կարծում եմ, որ Ռուսաստանի ներկա ենթակառուցվածքները Սիրիայի տարածքում, Իրանի հետ համագործակցությունը դեռևս լիովին թույլ են տալիս, որպեսզի Ռուսաստանը լուծի Սիրիայում իր առջև դրված խնդիրները»։
Մեր հարցին՝ այս գործընթացներում որո՞նք պետք է լինեն Հայաստանի՝ որպես պետության անելիքները, նա այսպես պատասխանեց. «Նախ, առաջին հերթին՝ աչալրջորեն հետևել այս գործընթացներին, անհրաժեշտության դեպքում իրականացնել համապատասխան քայլեր։ Ես չեմ բացառի նաև սահմանափակ ձևաչափով ներգրավվածությունը որոշ գործընթացներին, քանի որ սիրիական հակամարտությունն աշխարհի թիվ մեկ հիմնախնդիրն է, որտեղ խաչվում են տասնյակ երկրների շահեր, և ՀՀ-ն ուղղակի շահ ունենալով այդ երկրում՝ չի կարող անմասն մնալ։
Այսինքն՝ սահմանափակ ձևաչափով մասնակցությունը, օրինակ՝ հումանիտար աջակցությունը, մարդասիրական, թիկունքային այլ գործողությունների կազմակերպումը պետք է ընդլայնել։ Սա ավելի կընդգծի, կբարձրացնի Հայաստանի Հանրապետության արտաքին իմիջը՝ որպես միջազգային հարաբերությունների իրավահավասար սուբյեկտ մյուս մասնակիցներին, և հոգեբանական ազդեցություն կունենա Սիրիայի մեր հայրենակիցների վրա, քանի որ հենց Սիրիայում իրենց թիկունքում կզգան հայրենիքի շունչը»։