Moody՚s-ը 28 տարվա ընթացքում առաջին անգամ իջեցրել է Չինաստանի վարկանիշը
Moody՚s Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունը մայիսի 24-ին Չինաստանի երկարաժամկետ վարկային ռեյտինգը «Aa3»-ից իջեցրել մինչեւ «A1» տնտեսական աճի տեմպերի դանդաղման պայմաններում պետական պարտքի շարունակվող մեծացմամբ հանդերձ երկրի ֆինանսական դրության վատթարացման երկյուղների պատճառով: Այս մասին ասված է գործակալության կայքում զետեղված մամուլի տեղեկագրում: Ինչպես նշում է Bloomberg-ը, վարկանիշն իջեցվել է 1989 թվականից ի վեր առաջին անգամ:
Վարկանիշի կանխատեսումն ըստ որում բացասականից փոխվել է կայունի: Moody՚s-ը կարծում է, որ պետական պարտքի մակարդակը համախառն ներքին արդյունքի 40 տոկոսին կհասնի 2018 թվականին եւ 45 տոկոսին կմոտենա տասնամյակի վերջին: S&P-ն Չինաստանի վարկանիշը գնահատում է «AA» մակարդակում՝ բացասական կանխատեսմամբ, Fitch-ը՝ «А+», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
Լուսանկարը` REUTERS