Թբիլիսին և Բաքուն ամրապնդում են ռազմական համագործակցությունը
Վրաստանը եւ Ադրբեջանը համագործակցության մեծ ներուժ ունեն պաշտպանության բնագավառում, ինչի մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, որը մայիսի 22-ին պաշտոնական այցով ժամանել է Թբիլիսի:
Պաշտպանության նախարարությունում նա արդեն հանդիպում է ունեցել իր վրացի պաշտոնակից Լեւան Իզորիայի հետ։
«Մենք համագործակցության մեծ ներուժ ունենք պաշտպանության բնագավառում: Վրաստանի պաշտպանության նախարարը դա նշեց: Ես ողջունում եւ պաշտպանում եմ այդ բոլոր նախաձեռնությունները: Ես վստահ եմ, որ մեր համագործակցությունը կզարգանա ավելի արագ»,-ասել է Հասանովը՝ ելույթ ունենալով հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:
Իզորիան նշել է, որ երկու երկրներին կապում է ռազմավարական գործընկերությունը եւ կարեւոր է, որ այդ հարաբերություններն ուղղված լինեն տարածաշրջանում անվտանգության եւ խաղաղության ապահովմանը: Կողմերը նաեւ քննարկել են զորավարժությունները, որոնց պարբերաբար միասին մասնակցում են վրացի եւ ադրբեջանցի զինվորականները:
Ադրբեջանի պաշտպանության նախարարը նաեւ հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ: Կողմերը քննարկել են ռազմական բնագավառում երկկողմ համագործակցության հեռանկարները: Մայիսի 23-ին Հասանովը եւ Իզորիան կուղեւորվեն Բաթում:
Նրանց կմիանա նաեւ Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը: Երեք երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հերթական նիստը կանցկացնեն եռակողմ նախարարական հանդիպման շրջանակներում, հաղորդել է Sputnik-ը: