Բաժիններ՝

«Ավրորա 2017» մրցանակի հավակնորդ Թոմ Քաթինան՝ Հերացու անվան բժշկական համալսարանում

Մայիսի 22-ին Մխիթար Հերացու անվան Երևանի Պետական բժշկական համալսարանն ընդունեց «Ավրորա 2017» մրցանակի հավակնորդ Թոմ Քաթինային, ով բաց դասախոսություն կարդաց բուհի ուսանողների ու պրոֆեսորադասախոսական կազմի համար: Դասախոսությունն անցավ ինտերակտիվ. ուսանողներն իրենց հարցերն ուղղեցին դոկտորին, վերջինս էլ սիրով պատասխանեց բոլորի հարցերին: Հարցերն ինչպես մասնագիտական էին, այնպես էլ՝ փիլիսոփայական:

Հանդիպման ընթացքում Թոմ Քաթինային շնորհվեց Բժշկական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում:

Ծագումով ամերիկացի Թոմ Քաթինան 2007 թվականից սկսած միակ բժիշկն է Սուդանի Նուբա լեռներում, որն ունի ավելի քան կես միլիոն բնակչություն: Նա կատարում է տարեկան շուրջ 1000 վիրահատություն: Քաթինան մարդկանց օրուգիշեր հասանելի լինելու համար մշտապես ապրում է հիվանդանոցի տարածքում:

«Շատ կարևոր է՝ կյանքն ունենա իմաստ, ես ունեմ այդ իմաստը. այն է՝ մարդկանց մասին հոգ տանելը: Ես ուզում եմ ցույց տալ ձեզ, թե ինչ կարելի է անել չափազանց սուղ միջոցներով: Դուք նույնպես կարող եք անել սա, ու ցանկացած մարդ կարող է անել, եթե ունի ցանկություն ու կամքի ուժ», – ասաց Թոմ Քաթինան դասախոսության ընթացքում:

«Ավրորա 2017» մրցանակի 5 հավակնորդներն են Ջամիլա Աֆղանին, Թոմ Քաթինան, Դենիս Մուկվեգեն, Ֆարթուն Ադանը ու Իլվադ Էլմանը:

Տեղեկացնենք, որ «Ավրորա 2017»-ի մրցանակաբաշխությունը տեղի կունենա մայիսի 28-ին՝ Երևանում:  Հայոց ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարդիգանյանի անունը կրող մրցանակակիրը ստանալու է 100.000 ԱՄՆ դոլարի պարգև, և մրցանակակրի ցանկությամբ ևս 1 միլիոն դոլար փոխանցվելու է մարդասիրական գործունեությամբ զբաղվող որևէ կազմակերպության:

Անի Թորոսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս