
Բրյուսելը մտադիր է Լոնդոնի հետ Brexit-ի շուրջ բանակցություններն սկսել հունիսի 20-ին. Մեյ

Բրյուսելը ցանկանում է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ պաշտոնական բանակցություններն սկսել Միացյալ Թագավորությունում համընդհանուր խորհրդարանական ընտրությունների անցկացումից 11 օր հետո, որոնք նշանակված են հունիսի 8-ին: Այդ մասին հայտնել է The Telegraph թերթը, որը քաղվածքներ է տարածել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի նախընտրական քարոզչական ճառից, որով նա Ուելսում դիմելու է ընտրողներին:
«Ընդամենը 17 օր է մնում մինչեւ կարեւորագույն համընդհանուր ընտրությունները: Դրանց անցկացումից ընդամենը 11 օր անց (հունիսի 20-ին) Եվրամիությունը ցանկանում է, որ սկսվեն Brexit-ի շուրջ բանակցությունները: Բանակցությունների սեղանի շուրջ Մեծ Բրիտանիայի տեղը կզբաղեցնեմ ես կամ Ջերեմի Քորբինը (Լեյբորիստական կուսակցության առաջնորդը)»,-ասված է բրիտանացի վարչապետի խոսքում:
Մեյի խոսքով՝ հունիսին «նոր կառավարությունն իր ճանապարհը գտնելու ժամանակ չի ունենա»: «Ուստի այդ ընտրություններում խաղադրույքները բարձր են»,-հավելել է վարչապետը, հաղորդել է ՏԱՍՍ-ը։